Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի ծննդավայր Սիրթ քաղաքում շարունակվում են կատաղի մարտերը, որոնք դանդաղեցնում են ժամանակավոր կառավարության մարտիկների առաջխաղացումը:
Անցումային ազգային խորհրդի ուժերը համաձայն, իրենց հաջողվել է գրավել քաղաքի նավահանգիստը, սակայն Քադաֆիին հավատարիմ մնացող ուժերը շարունակում են վերահսկել Սիրթ քաղաքի հիմնական մասը:
ՆԱՏՕ-ի տվյալների համաձայն, Քադաֆիին հավատարիմ ուժերը շարունակում են սպառնալ մոտ 200 հազար քաղաքացիական անձանց:
Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը և Քադաֆիի ցեղախմբի ավագները երեքշաբթի օրը զինադադար հայտարարելու մասին բանակցություններ են վարել՝ Սիրթ քաղաքից ընտանիքների հեռանալու համար հնարավորություն ստեղծելու նպատակով:
ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակն ասել է, որ Միացյալ Նահանգներն աշխատում է Անցումային ազգային խորհրդի հետ՝ Լիբիայում գտնվող զենքերի պաշարների անվտանգությունը ապահովելու համար: Ջեյ Քարնիի համաձայն, Լիբիայում գտնվող ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնատար անձինք աշխատում են անցումային կառավարության պաշտոնյաների հետ՝ ձեռքի զենիթային հրթիռների շրջանառությունը վերահսկելու և դրանք ոչնչացնելու համար:
Քարնին ասել է նաև, որ ԱՄՆ-ը աշխատում է ՆԱՏՕ-ի հետ՝ Անցումային ազգային խորհրդին այդ զենքի գտնվելու բոլոր հայտնի վայրերի մասին տեղեկություններ տրամադրելու համար: