Լիբիայի ժամանակավոր իշխանությունները չորս օրվա վերջնաժամկետ են ներկայացրել Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերին, որոնք գտնվում են Սիրթ քաղաքում:
Անցումային ազգային խորհրդի առաջնորդ Մուսթաֆա Աբդել Ջալիլի համաձայն, ապստամբների ուժերը ռազմական գործողություններ կսկսեն Սիրթ քաղաքի ուղղությամբ, եթե Քադաֆիին հավատարիմ ուժերը մինչև շաբաթ օրը՝ մահմեդական Էյդ ալ-Ֆիթր տոնի ավարտի չհասցնեն բանակցությունները և չհանձնվեն:
Ապստամբների ուժերը պատրաստվում են Լիբիայում Քադաֆիին հավատարիմ ուժերի կողմից դեռևս վերահսկվող տարածքները նվաճելուն ուղղված վերջին մարտին: Այս տարածքների թվում Սիրթ քաղաքն է, սակայն կառավարական ուժերը դեռևս պաշտպանվում են նաև Բանի Վալիդ և հարավային Սաբհա քաղաքներում:
Ո՛չ Քադաֆիի, ո՛չ իր ամենաազդեցիկ որդիների մասին որևէ լուր կա անցյալ շաբաթ ապստամբների կողմից Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլին գրավելուց հետո: Որոշ կարծիքների համաձայն, երկրի նախկին ղեկավարը թաքնվում է Լիբիայի հարավում:
Ալժիրի իշխանությունները երկուշաբթի օրը թույլ են տվել Քադաֆիի ընտանիքի որոշ անդամներին՝ իր կին Սաֆիային, դուստր Աիշային և որդիներից երկուսին՝ Մոհամադին և Հանիբալին անցնել այս երկրի տարածք Լիբիայից:
Ալժիրի իշխանությունների համաձայն, Քադաֆիի դուստր Աիշան երեքշաբթի օրը Սահարա անապատում գտնվող օազիսներից մեկում ծննդաբերել է՝ լույս աշխարհ բերելով աղջիկ: ՄԱԿ-ում երկրի դեսպան Մուրադ Բենմեհդիի համաձայն, Քադաֆիի մերձավորների խմբի մուտքն Ալժիր թույլատրվել է՝ «մարդասիրական նկատառումներից ելնելով», որոնցից մեկն էր Քադաֆիի դստեր հղիությունը:
Վաշինգտոնում ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Քադաֆիի ընտանիքի վրա տարածվում է ՄԱԿ-ի կողմից արտոնված տեղաշարժի արգելքը: Նուլանդը երեքշաբթի օրը հաստատել է, որ Ալժիրի իշխանությունները բացատրական նամակ են հղել միջազգային հանրությանը և հավելել, որ ՄԱԿ-ի և Լիբիայի Անցումային ազգային խորհրդի կողմից նամակն ուսումնասիրելուց հետո Վաշինգտոնը որոշելու է, թե ինչպես արձագանքել նման բացատրության:
Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը Ալժիրի իշխանություններից պահանջել է հանձնել Քադաֆիի ընտանիքի անդամներին:
ՄԱԿ-ը երեքշաբթի ուշ երեկոյան հավանության է արժանացրել Մեծ Բրիտանիայի իշխանությունների կողմից Լիբիային հրատապ մարդասիրական կարիքները հոգալու համար ապասառեցնել 1,55 միլիարդ դոլար կազմող գումար, որն ուղղվելու է Լիբիայի Կենտրոնական բանկ: