Լիբիայի ժամանակավոր իշխանության մարտիկները պատրաստվում են գրոհել երկրի վտարված նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի վերջին պատվարը, քանի որ իրեն հավատարիմ անձանց հետ Բանի Վալիդ քաղաքը խաղաղ հանձնելու մասին բանակցությունները ձախողվել են:
Լիբիայի Անցումային ազգային խորհրդի բանագնացի համաձայն, բանակցությունները դադարել են, երբ Քադաֆիին հավատարիմ ցեղախմբերի առաջնորդները հերքել են Բանի Վալիդ քաղաք բժշկական նյութեր առաքելու առաջարկությունը, որի համաձայն քաղաք միաժամանակ պետք է մուտք գործեին Խորհրդի մարտիկները: Բանակցությունների մյուս կողմը որևէ մեկնաբանություններ չի ներկայացրել:
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից 170 կիլոմետր հեռավորության վրա գտնվող քաղաքում բժիշկների, դեղամիջոցների, ջրի և սննդամթերքի սուր կարիք է զգացվում:
Քաղաքի բնակիչների գերակշռող մեծամասնությունը կազմում են Լիբիայի ամենամեծ Վարֆալա ցեղախմբի ներկայացուցիչները, որոնց թիվը մեծ է նաև Քադաֆիի դեմ պայքարող մարտիկների թվում:
Այս ընթացքում Տրիպոլիում Լիբիայի ժամանակավոր կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի իր մարտիկներից երեք հազարը մտնելու է ազգային ոստիկանության կազմի մեջ, իսկ մնացածի համար որոնելու են այլ աշխատանք: Երկրի Անցումային ազգային խորհրդի համաձայն, նույն տարբերակն առաջարկվելու է նաև Քադաֆիի նախկին կողմնակիցներին: