Չինաստանի, Ճապոնիայի ու Հարավային Կորեայի ղեկավարները հայտարարում են, որ այլեւս չեն հանդուրժելու Հյուսիսային Կորեայի կողմից որեւէ սադրանք։ Այս երկրներն ունեն այն մտավախությունը, որ Հյուսիսը նախապատրաստում է միջուկային զենքի մի նոր փորձարկում։
Հարավային Կորեայի նախագահի եւ Չինաստանի ու Ճապոնիայի վարչապետերի միջեւ հանդիպումն անց է կացվել Պեկինում։
Հյուսիսային Կորեան անցյալ ամիս փորձեց տիեզերք արձակել մի հրթիռ, որը սակայան ձախողվեց։ Դրանից հետո Հյուսիսի դեմ ուժի մեջ մտան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները։
Հրթիռի արձակման փորձն արժանացավ ԱՄՆ-ի ու նրա դաշնակից պետությունների սուր քննադատությանը, որոնք հրթիռի արձակումը համարում էին ՄԱԿ-ի կողմից արգելված բալիստիկ հրթիռի փորձարկում։
Պեկինում երեք ղեկավարները նաեւ եկան մինչեւ այս տարեվերջ ազատ առեւտրի շուրջ բանակցություններ սկսելու մասին համաձայնության, ինչպես նաեւ ստորագրեցին ներդրումների մասին մի շարք պայմանագրեր։
Ճապոնիան, Չինաստանն ու Հարավային Կորեան ունեն Արեւելյան Ասիայի խոշորագույն տնտեսությունները։