Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը զգուշացրել է Հյուսիսային Կորեային միջուկային փորձարկման անցկացման անթույլատրելիության մասին


ԱՄՆ-ի բարձրաստիճան դիվանագետներից մեկը հորդորել է Հյուսիսային Կորեային չշարունակել միջուկային փորձարկման իրականացման ծրագրերը՝ զգուշացնելով, որ նման քայլը «խիստ անարդյունավետ» կլինի:

Հյուսիսային Կորեայի հարցերով ԱՄՆ-ի հանձնակատար Գլին Դեյվիսն այս հայտարարությամբ հանդես է եկել Չինաստանի պաշտոնյաների հետ Պեկինում ունեցած հանդիպումից հետո, որի ընթացքում քննարկվել են մի շարք խնդիրներ, ներառյալ Փխենյանի միջուկային ծրագրերը:

«Հուսով եմ, որ նրանք չեն շարունակի միջուկային զենքի փորձարկման նախապատրաստական աշխատանքները: Նրանց կողմից նման քայլի դիմելը կհամարվի սադրանք և սխալ հաշվարկված քայլ», - ասել է Դեյվիսը:

Հյուսիսային Կորեայի իշխանությունները երեքշաբթի օրը զգուշացրել են, որ Միացյալ Նահանգների կողմից դիվանագիտական ճնշումն ուժեղացնելուն ի պատասխան կակտիվացնեն երկրում միջուկային ծրագրի շուրջ տարվող աշխատանքները:

Այս հայտարարությամբ հանդես է եկել Հյուսիսային Կորեայի արտգործնախարարությունը՝ ասելով, թե «ուժեղացնելու է միջուկային զսպման միջոցները՝ Վաշինգտոնի կողմից իրականացվող թշնամական քաղաքականության պատճառով»:

Փխենյանը սակայն որևէ տեղեկություն չի հաղորդել մոտակա ապագայում միջուկային փորձարկում իրականացնելու ժամանակացույցի մասին:

Հյուսիսային Կորեայի իշխանությունների հաղորդագրությունը տարածվել է այն բանից հետո, երբ «Մեծ Ութնյակի» գագաթաժողովի մասնակից պետությունների ղեկավարները հանդես են եկել հայտարարությամբ՝ զգուշացնելով, որ կխստացնեն Հյուսիսային Կորեայի նկատմամբ իրականցվող պատժամիջոցներն այն դեպքում, եթե այս երկիրը շարունակի վտանգի տակ դնել տարածաշրջանային կայունությունը:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը խիստ քննադատության է ենթարկել Հյուսիսային Կորեայի կողմից գործողության երկար շառավիղ ունեցող հրթիռի արձակման իրականացումը:

Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևում հրթիռի արձակումը գնահատվել է որպես «Փխենյանի կողմից բալիստիկ հրթիռային տեխնոլոգիաների օգտագործումը սահմանափակելու նպատակով ընդունված Անվտանգության խորհրդի բանաձևերի կոպիտ խախտում»:

Բանաձևում նշվել է նաև, որ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումն առաջացրել է մտահոգություն Արևելյան Ասիայի տարածաշրջանում անվտանգության վերաբերյալ:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդ կողմից ընդունված բանաձևը պահանջում է, որպեսզի Հյուսիսային Կորեան ապագայում զերծ մնա բալիստիկ տեխնոլոգիա օգտագործվող հրթիռների արձակումից և հորդորում Փխենյանին «դադարեցնել միջուկային սպառազինության և միջուկային ոլորտին վերաբերող բոլոր ծրագրերը՝ համապարփակ, անշրջելի և ստուգման ենթակա եղանակով»:

XS
SM
MD
LG