ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է, որ սեպտեմբերի 11-ին Ֆլորիդա նահանգում գտնվող եկեղեցու բակում Ղուրան այրելու արարողությունը Ալ-Քաիդայի համար դառնալու է զորակոչի միջոց:
Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի հեռուստատեսությամբ տրված հարցազրույցի ժամանակ նախագահ Օբաման ասել է, որ այդ եկեղեցու քահանայի ծրագրերը մեծ վտանգի տակ են դնելու Աֆղանստանում և այլ վայրերում ծառայող ԱՄՆ-ի զինծառայողներին:
Ղուրան այրելու ծրագրերը նախագահն անվանել է կործանիչ, սակայն ավելացրել, որ ԱՄՆ-ում գործում են որոշ օրենքներ, որոնք պաշտպանում են հասարակական համակրանք չվայելող այդպիսի գործողությունները:
50 հետևորդ ունեցող եկեղեցու քահանա Թերի Ջոնսնն ասել է, որ մահմեդականության ամենասրբազան խորհրդանիշն այրելն ուղղված է մահմեդական ծայրահեղականության դեմ:
ԱՄՆ-ի նախագահն իր մեկնաբանություններով հանդես է եկել այս հարցում միջամտություն ցուցաբերելու մասին աշխարհում մահմեդական ամենամեծ բնակչությունն ունեցող երկրի` Ինդոնեզիայի նախագահի կոչերից հետո:
Ինդոնեզիայի նախագահը իր մտահոգություններն արտահայտող նամակ է հղել նախագահ Օբամային: