Ղազախստանի նախագահը հաղթել է ընտրություններում

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հաղթել է երկրում կիրակի օրն անցկացված նախագահական ընտրություններում։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկուշաբթի օրը հայտնել է, որ նախնական արդյունքների համաձայն, ներկայիս նախագահը ընտրողների ակտիվ մասնակցությամբ անցկացված ընտրություններում հավաքել է ձայների 95,5 տոկոսը։

Նազարբաևն ասել է, թե այս թիվն ապացուցում է, որ ժողովուրդը հավանության է արժանացրել 20 տարվա իր աշխատանքը։

Վերլուծաբանները կանխատեսում են, որ Նազարբաևը, որն իշխանության գլուխ է անցել, երբ Ղազախստանը դեռևս Խորհրդային Միության կազմում էր, կմասնակցի նաև 2016 թվականի ընտրություններին։

70-ամյա Նազարբաևի պաշտոնավարման ներկայիս ժամկետն ավարտվում էր 2012 թվականին, սակայն նա հորդորել է վաղաժամկետ ընտրությունների անցկացում՝ մերժելով իր պաշտոնավարման ժամկետը մինչև 2020 թվականը հետաձգելու մասին հանրաքվե անցկացնելու առաջարկը։

Ըստ վերլուծաբանների, վաղաժամկետ ընտրություններ կազմակերպելով, Նազարբաևը փորձել է կանխարգելել երկրում խռովությունները՝ ամրապնդելով ժողովրդավարական եղանակով ընտրված ղեկավարի իր համբավը։

Ղազախստանի ընդդիմության ղեկավարները սակայն բողոքել են, որ իրենց բավարար ժամանակ չի տրամադրվել՝ նախընտրական իմաստալից արշավ կազմակերպելու համար։