Իտալիայի խորհրդարանական հանձնաժողովը հավանության է արժանացրել հասարակական վայրերում իրենց երեսը քողարկող գլխաշորը կրելն արգելող օրինագիծը:
Այս օրենքի նախագիծն առաջարկել է վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի պահպանողական «Ազատության ժողովուրդ» կուսակցության անդամ՝ ծագումով մարոկացի Սուադ Սբային:
Իտալիայի սահմանադրական հանձնաժողովի կողմից երեքշաբթի օրն ընդունված օրինագծի համաձայն, կանանց արգելվելու է կրել երեսը քողարկող ցանկացած գլխաշոր: Օրինագծով նախատեսվում է նաև մինչև մեկ տարի ազատազրկման և 43 հազար դոլար տուգանքի ենթարկել այն անձանց, ովքեր ստիպելու են կանանց ծածկել իրենց երեսները հասարակական վայրերում:
Իտալիայի «ANSA» լրատվական գործակալության համաձայն, երկրի ընդդիմադիր կուսակցությունները դեմ են քվեարկել այս նախագծին:
Իտալիայի օրենսդիր Բարբառա Սալթամարտինիի համաձայն, օրինագծի օրինական ուժ ստանալը նպաստելու է, որպեսզի «դադարեցվեն մահմեդական գլխաշոր ստիպողաբար կրող բազմաթիվ կանանց տառապանքները»: Սալթամարտինին ասել է նաև, որ այս գլխաշորը կրելը «ոչնչացնում է իրենց արժանապատվությունը և խոչընդոտում է ինտեգրմանը»:
Օրինագիծն այս տարի ավելի ուշ քննարկվելու է երկրի խորհրդարանի ամբողջական կազմի կողմից:
Արևելյան Եվրոպայում մահմեդական ամենամեծ բնակչություն ունեցող Ֆրանսիան և Բելգիան արդեն ընդունել են նման օրենքներ, որոնք գործողության մեջ են մտել այս տարվա սկզբին:
Ֆրանսիայի բնակչության մոտ հինգ միլիոնը դավանում է մահմեդականություն, սակայն մահմեդական գլխաշոր կրում է ընդամենը մոտ երկու հազար կին: