Իսրայելում շարունակվում են զանգվածային ցույցերը

Իսրայելում շարունակվում են զանգվածային ցույցերը

Իսրայելի տասնյակ հազարավոր բնակիչներ շաբաթ օրը դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով ավելի խորը բարեփոխումներ իրականացնել Իսրայելի տնտեսական համակարգում:

Բողոքի ցույցեր են անցկացվել մայրաքաղաք Թել Ավիվում, հյուսիսային Հայֆա և հարավային Բերշեբա քաղաքներում:

Իսրայելում ցույցերը սկսվել են անցյալ ամիս, երբ ակտիվիստները Թել Ավիվի բարձրակարգ փողոցներից մեկում վրանային քաղաք են հիմնադրել՝ այդկերպ ուշադրություն հրավիրելով երկրում անշարժ գույքի թանկության վրա:

Այդ ժամանակից սակայն նրանք սկսել են իրենց զայրույթն արտահայտել տնտեսական մի շարք խնդիրներով, ներառյալ սննդամթերքի, վառելիքի և կրթության թանկությունը:

Թել Ավիվի, Երուսաղեմի և մի քանի այլ քաղաքների փողոցներ անցյալ շաբաթ օրը դուրս է եկել ավելի քան 300 հազար մարդ, ինչը եղել է Իսրայելի պատմության մեջ համակարգված ամենախոշոր ցույցերից մեկը:

Ի պատասխան ցուցարարների կողմից արտահայտված դժգոհությունների, երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ստեղծել է տնտեսական բարեփոխումների հանձնաժողով և բանակցություններ անցկացրել ցուցարարների հետ, որոնցից շատերը, սակայն, հերքել են կառավարության հետ երկխոսություն սկսելու հնարավորությունը՝ ասելով, որ նախ անհրաժեշտ է լրացուցիչ բարեփոխումներ իրականացնել: