Իսրայելի պաշտոնատար անձանց համաձայն, երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն համաձայնվել է անցկացնել պաղեստինցիների ապագա պետության շուրջ բանակցություններ՝ որպես սկզբնակետ հիմք ընդունելով 1967 թվականին Հորդանան գետի արևմտյան ափը բաժանող սահմանը:
Երկրի վարչապետի գրասենյակին մոտ կանգնած աղբյուրները Իսրայելի լրատվամիջոցներին երկուշաբթի ուշ երեկոյան են հայտնել քաղաքականության այս զգալի փոփոխության մասին: Նրանց համաձայն, պաղեստինցիների հետ ուղիղ բանակցությունները վերսկսելու նպատակով Նեթանյահուն պատրաստ կլինի քննարկել սահմանների շուրջ այնպիսի բանաձև, «որը դժվար ընդունելի կլինի Իսրայելի համար»:
Աղբյուրների համաձայն, վարչապետ Նեթանյահուն հստակ սահմանել է, որ Իսրայելը չի վերադառնալու մինչև 1967 թվականի Վեցօրյա պատերազմը զբաղեցրած սահմանները, քանի որ անհրաժեշտ է հաշվի առնել այդ ժամանակից տեղի ունեցած ժողովրդագրական փոփոխությունները, որոնց թվում է Հորդանան գետի արևմտյան ափին հրեական բնակավայրերի տարածումը:
Իսրայելի պաշտոնատար անձինք հայտնել են նաև, որ զիջումների փոխարեն պաղեստինցիները պետք է ճանաչեն Իսրայելը որպես հրեական պետություն և զերծ մնան հաջորդ ամիս ՄԱԿ-ին պետականության ճանաչման մասին միակողմանի դիմում ներկայացնելուց:
Պաղեստինցի պաշտոնատար անձանց համաձայն, իրենք Իսրայելից նման առաջարկ չեն ստացել:
Այս տարվա սկզբին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման առաջարկել էր անցկացնել բանակցություններ մինչև 1967 թվականը եղած սահմանների հիման վրա, ինչպես նաև տարածքներ փոխանակել Իսրայելի և պաղեստինցիների պետության միջև:
Արևմուտքի կողմից հովանավորվող խաղաղության բանակցությունները դադարեցվել էին անցյալ տարի սեպտեմբերին՝ Հորդանան գետի արևմտյան ափին հրեական բնակավայրեր կառուցելու հարցի շուրջ առկա տարաձայնությունների պատճառով:
Բանակցությունները վերսկսելուց առաջ պաղեստինցիները պահանջել են Իսրայելից դադարեցնել բոլոր բնակավայրերի կառուցումը: Իսրայելի վարչապետն իր հերթին պահանջում է առանց նախապայմանների բանակցությունների անցկացում, որոնց ընթացքում կքննարկվեն սահմանի և բնակավայրերի շինարարության նման հարցեր: