Պաղեստինցի զինյալները Գազայի գոտուց կիրակի ուշ երեկոյան մի քանի հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ՝ չնայած նախկինում «Համաս» խմբավորման կողմից զինադադար հաստատելու ցանկության մասին տարածված հաղորդագրությունների:
«Համաս»-ի պաշտոնատար անձանցից մեկը կիրակի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի այս խմբավորումը Գազայի գոտում ձեռք է բերել հրթիռային հարձակումները դադարեցնելու մասին «ոչ պաշտոնական» համաձայնություն: Նրանց համաձայն, այս զինադադարը պայմանավորված է Իսրայելի կողմից հարձակումների դադարեցմամբ:
Իսրայելի իշխանությունների համաձայն, զինադադարի կիրակի երեկոյան ենթադրաբար ուժի մեջ մտնելուց հետո զինյալները երկու հրթիռ են արձակել ծովափնյա Աշկելով և մի քանի հրթիռ՝ այլ թիրախների ուղղությամբ: Հարձակման պատճառով զոհեր չկան, իսկ հրթիռներից մեկի ընթացքը կանխվել էր Իսրայելի հակահրթիռային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգի կողմից:
Իսրայելի զինված ուժերը կիրակի օրն ավելի վաղ օդային հարձակում են իրականացրել Գազայի հատվածի ուղղությամբ: Տարածաշրջանում արդեն չորս օր շարունակվող բռնությունների պատճառով զոհվել է 15 պաղեստինցի, Իսրայելի ինը և Եգիպտոսի հինգ քաղաքացի: