Եգիպտոսը հետ է կանչել Իսրայելից իր դեսպանին՝ այսպիսով իր բողոքն արտահայտելով երկու պետությունների միջև սահմանամերձ շրջանում տեղի ունեցած փոխհրաձգության պատճառով Եգիպտոսի անվտանգության ուժերի ծառայողների մահվան հանգամանքով:
Եգիպտոսի նախարարների խորհուրդը շաբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի դեսպանը հետ է կանչվելու այնքան ժամանակով, մինչև Իսրայելը չներկայացնի միջադեպի հետաքննության արդյունքները: Երկրի նախարարների խորհուրդը պահանջում է նաև, որ Իսրայելի ղեկավարությունը ներողություն խնդրի Եգիպտոսի մասին արված «անվայել» արտահայտությունների համար:
Իսրայելն այս տարվա փետրվար ամսին Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կողմից հրաժարական ներկայացնելու ժամանակից մտահոգություն է արտահայտել Սինայի թերակղզում անվտանգության իրավիճակի վատթարացմամբ: Իսրայելի զինուժի համաձայն, հինգշաբթի օրը Իսրայելի հարավում հարձակումն իրականացրած զինյալները մուտք էին գործել այս երկիր Գազայի հատվածից՝ անցնելով Սինայի թերակղզով: Զինյալներին դա հաջողվել է՝ չնայած այն հանգամանքի, որ Եգիպտոսի իշխանությունները ավելացրել են անվտանգության ուժերի ներկայությունն այս տարածաշրջանում:
Եգիպտոսի իշխանությունների համաձայն, Իսրայելի կողմից զինյալների դեմ իրականացված գործողությունների պատճառով զոհվել է անվտանգության ուժերի հինգ զինծառայող, որի պատճառով Կահիրեն ուրբաթ օրը պաշտոնական բողոք է ներկայացրել Իսրայելին: Բացի դրանից, Եգիպտոսի նախարարների խորհուրդը հրավիրել է Իսրայելի դեսպանին՝ խորհրդակցություններ անցկացնելու համար:
Իսյարելի պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկի համաձայն, Եգիպտոսի անվտանգության ուժերի ծառայողներին վնաս հասցնելու որևէ մտադրություն չկար և հայտնել է այս միջադեպի հետաքննություն իրականացնելու մասին:
Իսրայելի և Եգիպտոսի միջև տեղի ունեցած այս միջադեպը դարձել է 1979 թվականին խաղաղության պայմանագիր կնքած այս երկու պետությունների միջև լարվածության պատճառը: Եգիպտոսը վերջին անգամ իր դեսպանին հետ է կանչել Իսրայելից 11 տարի առաջ՝ Իսրայելի կողմից Գազայի գոտու ուղղությամբ հրետանային հուժկու հարված հասցնելու պատճառով: