Իսրայելի վարչապետ Նեթանյահուն պատրաստ է երկու շաբաթը մեկ բանակցել Մահմուդ Աբբասի հետ

Խաղաղության բանակցությունների մեկնարկից հետո Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պատրաստ է երկու շաբաթը մեկ բանակցել պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասի հետ:

Իսրայելի լրատվամիջոցների փոխանցմամբ, չորեքշաբթի օրվա վերջում վարչապետ Նեթանյահուն ասել է իր խորհրդատուներին, որ նախատեսում է անձամբ գլխավորել Իսրայելի բանակցողների թիմը:

Հաջորդ շաբաթ երկու առաջնորդները հանդիպելու են Վաշինգտոնում` վերսկսելու 2008 թվականից դադարեցված խաղաղության բանակցությունները:

Տարաձայնությունների ամենամեծ կետն է Իսրայելի կողմից իրականացվող բնակարանային շինարարությունը այն տարածքներում, որոնք պաղեստինցիները նախատեսում են ընդգրկել իրենց ապագա պետության կազմում:

Նախագահ Աբբասն ասել է, որ բանակցությունները կարող են ձախողվել, եթե Իսրայելը չերկարաձգի բնակավայրերի շինարարության կասեցումը, որի ժամկետը լրանում է այս տարվա սեպտեմբերի 26-ին:

Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանն ասել է, որ շինարարության կասեցման շարունակությունը կարող է դժգոհություն առաջացնել իսրայելցի նորաբնակների շրջանում, որոնք սպառնացել են հեռացնել երկրի իշխանության ղեկին գտնվող կոալիցիան, եթե շինարարության կասեցումը չավարտվի: