Պաղեստինցիները կասկածի տակ են դրել խաղաղության բանակցությունները շարունակելու ԱՄՆ-ի ունակությունը

Պաղեստինցիները կասկածի տակ են դրել խաղաղության բանակցությունները շարունակելու ԱՄՆ-ի ունակությունը

Պաղեստինցիները չորեքշաբթի օրը կասկածի տակ են դրել իրենց և Իսրայելի միջև խաղաղության բանակցությունները շարունակելու ԱՄՆ-ի ունակությունը:

Այս հայտարարությամբ նրանք հանդես են եկել, երբ մեկ օր առաջ ԱՄՆ-ի պաշտոնյաները հայտնել են, թե ԱՄՆ-ը այլևս չի փորձելու հորդորել Իսրայելին շարունակել Հորդանան գետի արևմտյան ափում բնակարանաշինության իրականացման արգելքը:

Պաղեստինցիների գլխավոր բանագնաց Սայեբ Էրեքաթը նշել է, որ խաղաղության գործընթացի հաջորդ քայլը լինելու է դիմումը միջազգային հանրությանը` պաղեստինյան պետությունը ճանաչելու խնդրանքով:

Միևնույն ժամանակ պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասը հայտնել է պաղեստինյան «WAFA» լրատվական գործակալությանը, թե Եվրամիությունն ու Հունաստանը կարող են դառնալ խաղաղության բանակցությունների գլխավոր դերակատարները:

Այս մեկնաբանությամբ Աբբասը հանդես է եկել չորեքշաբթի օրը` Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապադրեուի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ:

ԱՄՆ-ի արտգործնախարարության պաշտոնյաները Վաշինգտոնում երեքշաբթի օրը հայտնել են, որ ներկայումս չեն կարծում, թե Իսրայելի կողմից բնակավայրերի շինարարության արգելքը հիմք կծառայի ուղիղ բանակցությունները վերսկսելու համար:

Իսրայելի կողմից բնակարանաշինության նախկինում հայտարարված արգելքի գործողության ժամկետն ավարտվել էր այս տարվա սեպտեմբերի վերջին: