Իրաքում Թուրքիայի դեսպանն արտգործնախարարություն է հրավիրվել

«Քրդստանի աշխատավորական կուսակցության» մարտիկները Քանդիլի լեռներում, Իրաք

Իրաքում Թուրքիայի դեսպանը հրավիրվել է արտաքին գործերի նախարարություն, որտեղ վերջինիս պահանջվել է դադարեցնել Թուրքիայի կողմից Իրաքի հյուսիսում քուրդ ապստամբների դիրքերի ուղղությամբ իրականացվող օդային հարձակումները:

Իրաքի արտգործնախարարությունը հինգշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի այն պաշտոնական բողոք է ներկայացրել այս հարձակումների դեմ, որոնց պատճառով Իրաքում զոհվել է յոթ քաղաքացիական անձ:

Թուրքիայի հարավ-արևելքում հինգշաբթի օրը ճանապարհի եզրին տեղադրված ռումբի պայթյունի պատճառով վնասվածքներ է ստացել մի քանի զինծառայող:

Իրաքի հետ Թուրքիայի սահմանամերձ Հաքարի նահանգում տեղի ունեցած այս հարձակման համար որևէ մեկը դեռևս պատասխանատվություն չի ստանձնել:

Այս շրջանում ինքնավարություն ստանալու նպատակով պայքարող քուրդ ապստամբների գործողությունների հետևանով հուլիս ամսվա սկզբից զոհվել է Թուրքիայի 40 զինծառայող:

Քուրդ ապստամբների գործողություններին ի պատասխան, Թուրքիայի զինված ուժերը վեց օր շարունակ հարձակումներ են գործել Իրաքի հյուսիսում տեղակայված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» դիրքերի ուղղությամբ, ինչի արդյուքնում ոչնչացվել է քուրդ մոտ 100 ապստամբ:

Թուրքիայի զինուժը խոստացել էր շարունակել նման հարձակումներն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի՝ «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը» անմարտունակ ճանաչելու համար:

Թուրքիայի զինուժը հայտնել էր նաև, որ ցուցաբերվել է անհրաժեշտ զգուշություն՝ քաղաքացիական անձանց վնաս պատճառելուց խուսափելու համար:

Հյուսիսային Իրաքում գտնվող Թուրքիայի հյուպատոսության մոտ չորեքշաբթի օրն անցկացված բողոքի ցույցի ընթացքում մի քանի հարյուր ցուցարար իրենց բողոքն են արտահայտել սահմանամերձ այս շրջանում Թուրքիայի զինված ուժերի կողմից հրետանու կիրառմամբ:

Ցուցարարները կոչ են արել Անկարային դադարեցնել հրետանային հարվածները, որոնք արդեն դարձել են քաղաքացիական բնակչության թվից յոթ անձանց մահվան պատճառը: