Իրաքում տեղի ունեցած պայթյուններն ուղղված էին երկրի ոստիկանության դեմ

Իրաքում տեղի ունեցած մի շարք պայթյունների զոհ է դարձել 38 մարդ: Հարձակումները ամենայն հավանականությամբ համակարգված են եղել:

Չորեքշաբթի օրը տեղի ունեցած բռնություններն ուղղված են ընդդեմ Իրաքի անվտանգության ուժերի և տեղի են ունեցել այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի զինված ուժերը պատրաստվում են հայտարարել մարտական գործողությունների պաշտոնական ավարտի մասին:

Իրաքի ոստիկանության համաձայն, Բաղդադում ինքնասպան մի ահաբեկիչ պայթուցիկ նյութերով ավտոմեքենան ուղղել է ոստիկանության տեղամասի վրա, ինչի արդյունքում զոհվել է առնվազն 15, վիրավորվել` 50 մարդ:

Երկրի հարավում գտնվող Քութ քաղաքում ինքնասպան մեկ այլ ահաբեկչի կողմից իրականացված հարձակումը 20 մահվան և առնվազն 70 վիրավորի պատճառ է դարձել: Տուժածների մեծ մասը ոստիկանության ծառայողներ են:

Այլ հարձակումների մասին հաղորդագրություններ են ստացվել Քիրքուքից, Բուհրիզից, Քարբալայից և Բասրայից: դրանք դարձել են երեք զոհի և բազմաթիվ վիրավորների պատճառ:

Վերջին ժամանակներում ավելի հաճախ դարձած բռնությունները համընկել են Իրաքից ԱՄՆ-ի մարտական ստորաբաժանումների դուրսբերման հետ: Հարձակումներն ուղղված են Իրաքի անվտանգության ուժերի դեմ: