«Ամերիկացի զբոսաշրջիկներին ազատ արձակելու մասին որևէ որոշում չի ընդունվել»

Իրանի դատական իշխանությունների համաձայն, Իրանում լրտեսության մեղադրանքներով ազատազրկման դատապարտված ամերիկացի երկու զբոսաշրջիկներին ազատ արձակելու մասին որևէ որոշում դեռևս չի ընդունվել:

Իրանի դատական իշխանությունները չորեքշաբթի օրը հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի դատարանը դեռևս ուսումնասիրում է ամերիկացի զբոսաշրջիկներ Շեյն Բաուերի և Ջոշ Ֆեթլի փաստաբանների միջնորդությունն գրավի դիմաց զբոսաշրջիկներին ազատ արձակելու մասին, իսկ այս գործի վերաբերյալ տեղեկությունները հրապարակվելու են դատական մարմինների կողմից:

Այս հայտարարությամբ Իրանի դատական մարմինները հանդես են եկել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի կողմից «Էն-Բի-Սի» ամերիկյան լրատվական գործակալությանը ամերիկացի երկու զբոսաշրջիկներին ազատ արձակելու Իրանի պատրաստակամության մասին հայտնելուց հետո: «Էն-Բի-Սի»-ի փոխանցմամբ, Ահմադինեջանդ ասել էր, թե զբոսաշրջիկներ Շեյն Բաուերն ու Ջոշ Ֆեթլը կարող են ազատ արձակվել «երկու օրից»՝ մարդասիրական նկատառումներից ելնելով:

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընը երեքշաբթի օրն ասել է, որ Ահմադինեջադի խոսքերը «հույս են ներշնչել»` հավելելով, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը «դրական արդյունքներ» է ակնկալում:

ԱՄՆ-ի արտաքին գործերի գերատեսչության համաձայն, բանտարկված զբոսաշրջիկների ազատ արձակելու մասին որևէ լուր դեռևս չի ստացվել, և նախարարությունն այս գործի շուրջ աշխատում է Իրանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող Շվեյցարիայի դեսպանության հետ:

Ամերիկացի երկու զբոսաշրջիկների ընտանիքները «մեծ ուրախությամբ» են ընդունել նրանց մոտակա ազատման մասին լուրերը:

Հիշեցնենք, որ ամերիկացի զբոսաշրջիկներ Սառա Շուրդը, Շեյն Բաուերն ու Ջոշ Ֆեթլը ձերբակալվել էին 2009 թվականի հուլիսին` հյուսիսային Իրաքից Իրանի տարածք անցնելուց հետո: Զբոսաշրջիկները պնդում են, որ սահմանն անցել են պատահմամբ:

Սառա Շուրդն ազատ է արձակվել անցյալ տարվա սեպտեմբեր ամսին 500 հազար դոլար գրավի դիմաց և վերադարձել ԱՄՆ, իսկ Բաուերն ու Ֆեթլը դատապարտվել են ութ տարվա ազատազրկման:

Ամերիկացի զբոսաշրջիկների փաստաբանի համաձայն, վերջիններիս ազատ արձակելու համար նույնպես սահմանվել է 500 հազար դոլարի չափով գրավ:

Զբոսաշրջիկների աջակիցները խիստ քննադատության են ենթարկել իրենց գործող դատավճիռը՝ ասելով, որ Իրանի դատախազները զբոսաշրջիկների մեղքը հաստատող վստահելի որևէ ապացույց չեն ներկայացրել: