Պայթյուն Իրան-Թուրքիա գազատարում

Չորեքշաբթի օրը Իրան-Թուրքիա բնական գազի գազատարում պայթյուն է տեղի ունեցել: Մի ամիս առաջ տեղի ունեցած նմանատիպ պատահարը վերագրվում է քուրդ ապստամբների գործողություններին:

Թուրքական «Բոթաշ» ընկերության պաշտոնյաների համաձայն, պայթյունի արդյունքում բռնկված կրակը մարվել է և այժմ իրականացվում են վերանորոգման աշխատանքներ: Պարզ չէ, թե թուրք-իրանական սահմանի որ կողմում է տեղի ունեցել պայթյունը:

Անցած ամիս նույն գազատարում տեղի ունեցած պայթյունի պատճառով ժամանակավորապես դադարեցվել էր դեպի Թուրքիա գազի հոսքը: Այդ պատահարի պատասխանտավությունը Թուրքիայի իշխանությունները վերագրում են «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը» (PKK):