Իրանը մերժել է բանակցություններում աշխարհի տերությունների ունեցած դիրքորոշումը

Իրանը հինգշաբթի օրը մերժել է վիճահարույց միջուկային իր ծրագրի շուրջ աշխարհի տերությունների ունեցած դիրքորոշումը:

Իրանը քննադատության է արժանացրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի և Գերմանիայի՝ որպես «P5+1» հայտնի պետությունների խմբի առաջարկը՝ ասելով, որ դրանում ներառված են չափազանց մեծ թվով պահանջներ և փոխարենը Իրանը չի ստանում գրեթե ոչ մի առաջարկություն:

Նման հայտարարությամբ Իրանի իշխանություններն արձագանքել են Արևմտյան պետությունների կողմից այս երկրի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները դադարեցնելու պահանջը մերժելուց հետո:

Իրանն իր հերթին մեղադրել է աշխարհի տերություններին` ասելով, որ իրենց կողմից ներկայացող պահանջները «ծանր մթնոլորտ» են ստեղծել:

Նախատեսվում է, որ Իրաքի մայրաքաղաք Բաղդադում անցկացվող բանակցությունները պետք է ավարտվեին երեկոյան մոտ, սակայն Իրանը ներկայացրել է զգալի տարաձայնությունների առկայության մասին ազդանշաններ, որոնք անհնար են դարձնում բանակցությունների շարունակությունը:

Իրանի պաշտոնյաներից մեկի համաձայն, «դեռևս չի ստեղծվել բանակցությունների հերթական փուլի համար որևէ հիմք»:

«Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում Մերձավոր Արևելքի գծով վերլուծաբան Շահրան Աքբարզադեհը նշել է, որ Իրանը չի նախատեսում ամբողջությամբ կատարել Արևմուտքի պահանջները, այլ ծրագրում մի քանի զիջում կատարել՝ փորձելով թուլացնել իր նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները:

Աշխարհի տերություններն Իրանից ցանկանում են ստանալ Քոմ քաղաքի մոտակայքում գտնվող ռազմական բունկերում գտնվող միջուկային նյութի հարստացման գործարանը փակելու մասին խոստում՝ փոխարենն առաջարկելով Իրանին անհրաժեշտ բժշկական իզոտոպներ, միջուկային անվտանգության ոլորտում համագործակցություն և քաղաքացիական օդանավերի համար պահեստամասեր:

Իրանական կողմն իր հերթին շեշտել է, որ բանակցություններում առաջընթաց գրանցելու համար անհրաժեշտ է դադարեցնել նավթի առևտրի ոլորտում իր նկատմամբ սահմանված պատժամիջոցները, սակայն աշխարհի տերությունների ներկայացուցիչները հրաժարվել են վերջերս ընդունված ավելի խիստ պատժամիջոցները դադարեցնելուց: