«Միավորված ազգերի կազմակերպության միջուկային ոլորտում գործող բարձրաստիճան պաշտոնատար անձանց այցելության նպատակը Իրանի իշխանությունների հետ բանակցությունների անցկացումն է, այլ ոչ թե երկրի միջուկային հզորություններ տեսչական այցերի կատարումը»:
Այս հայտարարությամբ երեքշաբթի օրը հանդես է եկել Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռամին Մեհմանփարաստը՝ հավելելով, որ այցի նպատակը Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև երկխոսության և համագործակցության շրջանակի ձևավորումն է:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակի համաձայն, դեռևս պարզ չէ, թե ինչպես ԱԷՄԳ-ի պաշտոնյաների այցը կանդրադառնա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամների և Գերմանիայի հետ բանակցությունների ընթացքի վրա:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության բարձրաստիճան տեսուչները երկուշաբթի օրը երկօրյա այցով ժամանել են Թեհրան՝ Իրանի վիճահարույց միջուկային ծրագրերի շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով:
Այս այցը ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պաշտոնատար անձանց կողմից երեք շաբաթվա ընթացքում Իրան կատարվող արդեն երկրորդ այցն է:
Իրանի պետական ռադիոն երկուշաբթի օրը հաղորդել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պատվիրակությունը միջուկային ոլորտում գործող Իրանի գիտնականների հետ հանդիպելու, ինչպես նաև Թեհրանի մոտակայքում գտնվող ռազմական բազաներից մեկը, որտեղ գտնվում են նաև սովորական զենքի մշակման հզորությունները, այցելելու մասին հույս է հայտնել:
Ըստ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պատվիրակությունը գլխավորած Միջուկային հարցերով գլխավոր տեսուչ Հերման Նեքերթսի, պատվիրակության հիմնական խնդիրն է՝ «վերլուծել Իրանի միջուկային ծրագրի մարտական կիրառման հնարավորությունները»:
ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները ցանկանում են, որպեսզի Իրանի իշխանությունները բացատրություն ներկայացնեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերջերս հրապարակված զեկույցի արդյունքներին, որոնց համաձայն Իրանն աշխատում է միջուկային զենքի մշակման ուղղությամբ:
Իրանի իշխանությունները սակայն պնդում են, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության զեկույցի հիմքում կեղծ տեղեկություններ են ընկած: