Իրանի ու աշխարհի տերությունների միջև Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները վերսկսվելու են Ստամբուլում հունվարի 20-ին:
ԵՄ-ի արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ԵՄ-ը մերժելու է Իրանի միջուկային հզորություններն այցելելու հրավերը, իսկ միջուկային հզորություններում ստուգումներ անցկացնելու գործառույթը պատկանում է ՄԱԿ-ի Միջուկային էներգիայի միջազգային գործակալությանը:
Նա հայտնել է սակայն, որ ողջունում է միջուկային հզորությունների այցելությունը կազմակերպելու Իրանի պատրաստակամությունը:
Այս մասին Էշթոնը նշել է ԵՄ-ի նախագահությունը ստանձնած Հունգարիայի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումից հետո:
Ստամբուլում հունվարի 20-ին կայանալիք հանդիպմանը մասնակցելու են «P5+1» խմբի անդամ պետությունները, որի կազմում մտնում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամներն ու Գերմանիան:
Միջուկային իր հզորություններն այցելելու հրավերներ Իրանն ուղարկել է նաև Ռուսաստանին և Չինաստանին: Հրավեր սակայն չի ուղարկվել երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններում ներգրավված հիմնական մյուս պետություններին` ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային և Գերմանիային:
Իրանի իշխանություններն առաջարկել են այցելել այս երկրի միջուկային հզորությունները հունվարի 15-16-ը` Ստամբուլում կայանալիք բանակցություններից առաջ: