Աբիև. «Ադրբեջանը որևէ գործողություն չի ձեռնարկի մեծ Իրանի նկատմամբ»

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիև (արխիվային լուսանկար)

«Իրանը վստահ է, որ հարևան Ադրբեջանը թույլ չի տա հարձակողական ուժերի մուտքն իր տարածք»:

Այս հայտարարությամբ հանդես է եկել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը՝ այս երկրում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հետ հանդիպման ընթացքում:

«Համոզված ենք, որ Իրանի դեմ ուղղված որևէ խնդիր չի առաջանա մեր բարեկամ և եղբայր Ադրբեջանի տարածքից», - երկուշաբթի օրն ասել է Ահմադինեջադը՝ հավելելով. «Երկու պետությունների համատեղ թշնամիները ցանկանում են դադարեցնել Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունների բարելավումը»:

«Ասոշիեյթիդ Փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Աբիևը Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Ահմադ Վահիդիի հետ ավելի վաղ ունեցած հանդիպումից հետո հայտնել է լրագրողներին, թե Ադրբեջանը «որևէ գործողություն չի ձեռնարկի մեծ Իրանի նկատմամբ» և թույլ չի տա իր տարածքն օգտագործել որևէ հարձակման համար:

Հիշեցնենք, որ փետրվարի 29-ին Ադրբեջանն ու Իսրայելը ստորագրել են 1,6 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ գործարք, որով նախատեսվում է Իսրայելի արտադրության անօդաչու ինքնաթիռներ, զենիթային և հակահրթիռային համակարգեր առաքել Ադրբեջանին: Այս գործարքին ի պատասխան, Իրանն արտաքին գործերի նախարարություն էր հրավիրվել Ադրբեջանի դեսպանը՝ պարզաբանումներ պահանջելով վաճառքի կապակցությամբ: