Մարդու իրավունքների եվրոպական դատարանը լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով որոշում է կայացնելու սեպտեմբերի 14-ին:
«Հուրիեթ» օրաթերթի փոխանցմամբ, Եվրոպական դատարանն ի սկզբանե ուսումնասիրել է «Ակոս» շաբաթաթերթում տպագրված հոդվածի կապակցությամբ Հրանտ Դինքի դեմ «թուրքական ինքնությունը վիարավորելու» մեղադրանքով դատական գործը: Այդ մեղադրանքով իր դեմ հարուցված գործի կապակցությամբ լրագրողը թուրքական պետության դեմ գործ էր հարուցել Եվրոպական դատարանում:
2007 թվականին Ստամբուլում գտնվող «Ակոս» շաբաթաթերթի շենքի մոտ ծայրահեղ ազգայնական դեռահասի կողմից Հրանտ Դինքի սպանությունից հետո նրա ընտանիքը Եվրոպական դատարան է դիմել մեկ այլ հայցով` լրագրողի կյանքի իրավունքը պաշտպանելու մեջ թերանալու մեղադրանք ներկայացնելով ընդդեմ թուրքական պետության:
Ավելի ուշ, վերոհիշյալ երկու գործերը, միավորվելով, կազմել են միասնական մեկ գործ: