Պարսից ծոցի պետությունները դուրս են բերելու դիտորդներին Սիրիայից

Պարսից ծոցի պետությունների համագործակցության խորհրդի անդամ պետությունները դուրս են բերելու դիտորդներին Սիրիայից:

Այս մասին հայտարարությամբ Խորհուրդը հանդես է եկել երեքշաբթի օրը՝ հետևելով Սաուդյան Արաբիայի կողմից կայացված նման որոշման:

Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտնել են, որ Սիրիայում դիտորդական առաքելությունն ավարտելու համար պատճառ է դարձել Սիրիայի իշխանությունների կողմից երկրում արյունահեղությունը դադարեցնելուն ուղղված Արաբական պետությունների լիգայի ծրագրի պահանջները չկատարելու հանգամանքը:

Արաբական պետությունների լիգայի դիտորդական առաքելության ղեկավար, Սուդանի գեներալ Ահմեդ Մուսթաֆա ալ-Դաբին երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն դիտորդական առաքելությունը մեկնարկելուց հետո Սիրիայում նվազել են բռնությունները:

Սիրիայի իշխանությունները նույն օրը մերժել են Արաբական պետությունների լիգայի նոր նախաձեռնությունը, որով նախատեսվում է իրականացնել իշխանության փոխանցում Եմենում նախագահի կողմից իշխանության իրականացված փոխանցման օրինակով:

Սիրիայի պետական լրատվամիջոցները քննադատել են այս ծրագիրը՝ անվանելով այն «Սիրիայի ինքնիշխանության կոպտի խախտում»:

Քաթարի իշխանությունների համաձայն, Արաբական պետությունների լիգան դիմելու է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին՝ այս նախաձեռնությունը սատարելու խնդրանքով: ՄԱԿ-ում Գերմանիայի դեսպանը ողջունել և «խաղի կանոնները փոխելու» ներուժ ունեցող է անվանել Սիրիայում իշխանության փոխանցման ծրագիրը:

Եվրոպական Միությունը երկուշաբթի օրը հավանության է արժանացրել Սիրիայի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների կիրառումը՝ տեղափոխության արգելք և ակտիվների սառեցում սահմանելով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասսադի հետ կապեր ունեցող ևս 22 անձանց և ութ ընկերությունների նկատմամբ: