Խաղաղ գիշեր Մեծ Բրիտանիայում՝ չորս օր տևած խռովություններից հետո

Խաղաղ գիշեր Մեծ Բրիտանիայում՝ չորս օր տևած խռովություններից հետո

Մեծ Բրիտանիայում չորեքշաբթի օրվա գիշերը եղել է խաղաղ՝ չորս օր անընդմեջ տևած խռովություններից հետո, որոնց պատճառով բրիտանական մի քանի քաղաքների որոշ մասերը պատերազմի գոտի են նմանեցնում:

Լոնդոնի, Մանչեստերի, Լիվերպուլի և Բիրմինգհեմի փողոցներ դուրս են բերվել ոստիկանության հատուկ ուժերի հազարավոր ծառայողներ: Երկրի ոստիկանությունը և ականատեսները հաղորդել են միայն մի քանի մանր պատահարի մասին:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը թույլատրել է ոստիկանության ուժերին խռովարարների դեմ կիրառել ջրանետներ, որոնք նախկինում կիրառվել են միայն Հյուսիսային Իռլանդիայում, սակայն երբեք՝ բուն Մեծ Բրիտանիայի տարածքում: Վարչապետի համաձայն, երկրում իրականացվում է կարգուկանոնը վերականգնելուն ուղղված «հակահարված»:

Հազարավոր երիտասարդներ այս մի քանի օրվա ընթացքում հրդեհել են մեքենաներ և շենքեր, կոտրել ցուցափեղկերը ու կողոպտել խանութները, ինչպես նաև հարձակումներ կատարել ոստիկանության ծառայողների վրա: Խռովարարների հիմնական մասը կազմել են երիտասարդներ, որոնք ասել են, թե արդեն չեն կարող տանել գործազրկությունն ու կառավարության կողմից տրամադրվող օգնության կրճատումը:

Երկրի ոստիկանությունը շաբաթ օրվանից ձերբակալել է ավելի քան 1 100 մարդ, որոնցից ամենաերիտասարդը 11 տարեկան է:

Խռովությունները տնտեսական զգալի վնաս են պատճառել փոքր ձեռնարկատերերին, որոնք ստիպված են եղել զինվել՝ իրենց սեփականությունը պաշտպանելու համար:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում շաբաթ օրն անցկացված խաղաղ ցույցը, որի մասնակիցներն իրենց բողոքն էին արտահայտել ոստիկանության կողմից 29-ամյա մի տղամարդու սպանության հանգամանքով, դուրս էր եկել վերահսկողությունից, ինչի արդյունքում Թոթենհեմ թաղամասում ցուցարարները սկսել էին քարեր նետել ոստիկանության ծառայողների ուղղությամբ, ջարդել խանութների պատուհաններ, կրակի մատնել մեքենաներ և մի քանի շենք:

Թաղամասի որոշ բնակիչների համաձայն, տեղի ունեցած խռովություններն արդյունք են Լոնդոնի հյուսիսում արդեն երկար ժամանակ կուտակվող դժգոհության, որի պատճառներն են գործազրկության բարձր մակարդակը և մատուցվող պետական ծառայությունների կրճատումը: