Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը երկրի խորհրդարանին հինգշաբթի օրն ուղղված իր ուղերձում նշել է, որ ֆինանսական խնայողության միջոցները Եվրոպայում ծավալված պարտքային ճգնաժամի հաղթահարման միակ ուղին են:
Կանցլեր Մերքելն ասել է, որ եվրոյի գոտու պետությունները չպետք է նվազեցնեն կամ դադարեցնեն ֆինանսական խնայողության գործող միջոցները: Նա նշել է նաև, որ տնտեսական աճի նպատակով պետական պարտքի աճը կարող է հետադարձել եվրոյի գոտու պետությունների տնտեսություններում գրանցված առաջընթացը՝ ընդհուպ մինչև ֆինանսական ճգնաժամի սկզբին տիրող իրավիճակը:
Անգելա Մերքելի համաձայն, գոյություն չունի ֆինանսական ճգնաժամը լուծելու «հրաշք միջոց», և Եվրոպական Միությունում ներկայիս ճգնաժամից դուրս գալու երկու «հիմնասյուններն» են պարտքի կրճատումն ու տնտեսական աճը:
Այս ընթացքում Եվրոպական Միությունը, Հունաստանում ծավալված վճարային ճգնաժամի պատճառով, որոշում է կայացրել երկրի տրամադրել 6,7 միլիարդ դոլար կազմող վարկ, որից 5,5 միլիարդը կտրամադրվի այս շաբաթ, իսկ վարկի մնացած մասը կտրամադրվի մոտ ապագայում:
Ֆինանսական մեծ դժվարություններ ապրող Եվրոպական Միության ևս մեկ անդամ պետության՝ Իսպանիայի կառավարությունը չորեքշաբթի օրը հայտնել է երկրի խոշորագույն չորրորդ «Bankia» բանկի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին:
«Bankia» բանկի ակտիվների զգալի մասը կազմում են շինարարական ընկերություններին և տների սեփականատերերին տրամադրված անհուսալի վարկերը, որոնց ծավալը կազմում է տասնյակ միլիարդ դոլար:
«Bankia»-ն ամենախոշոր բանկն է, որի նկատմամբ Իսպանիայի կառավարությունը վերահսկողություն է հաստատել 2008 թվականին ծավալված տնտեսական անկման ժամանակից: