Ֆրանսիայի նախագահական ընտրություններում կիրակի օրը հաղթանակ տարավ Ֆրանսուա Օլանդը՝ ստանալով քվեների ավելի քան 51 տոկոսը։ 2ՕՕ7 թվականից երկրի նախագահի պարտականությունները ստանձնած Նիկոլա Սարկոզիին բաժին հասավ ընդհանուր քվեների միայն 48.1 տոկոսը, ինչը նշանակում է, որ Ֆրանսուա Միտերանից հետո, որը Ֆրանսիան ղեկավարել էր 1981-ից մինչեւ 1995 թվականը, երկիրը կունենա առաջին սոցիալիստ նախագահը։
Սարկոզիի դեմ քվեարկած ֆրանսիացիներն այս եղանակով իրենց բողոքն արտահայտեցին Եվրոպայում տիրող ֆինանսական ճգնաժամի դեմ։ Ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո Սարկոզին զանգահարել է Օլանդին ու շնորհավորել հաղթանակի կապակցությամբ։
՝՝Ես պատրաստ եմ դառնալ ֆրանսիացի՝ ֆրանսիացիների մեջ, եւ այսօր ավելի քան երբեք ես սիրում եմ իմ հայրեինիքը՛՛, - հայտարարեց Սարկոզին՝ իր աջակիցների առջեւ ելույթ ունենալով։
Օլանդի հաղթանակը կարող է մեծ ազդեցություն ունենալ Եվրոպայի ճգնաժամը լուծելու խնդրի վրա։ Նա իր ընտրողներին խոստացել է հարուստների եկամուտներից 75 տոկոսի հարկերի գանձում եւ հայտարարել, թե ցանկանում է նոր բանակցություններ սկսել եվրոպական այն պայմանագրի շուրջ, ըստ որի Ֆրանսիան պարտավորվել էր կրճատել բյուջեն՝ նոր պարտքերից խուսափելու համար։
Այսպիսով, Օլանդի հաղթանակը կարելի է դիտել որպես Գերմանիայի կողմից ղեկավարվող տնտեսական այն քաղաքականությունը վտանգի տակ դնող հանգամանք, ըստ որի եվրոյի գոտում իրականացվում են ֆինանսական խստագույն միջոցառումներ։
Օլանդը Ֆրանսիայի նախագահի պաշտոնում երդում է տալու այս ամսվա վերջին։
Ե՛վ Սարկոզին ե՛ւ Օլանդը նախընտրական արշավի ժամանակ պաշտպանել են Հայոց ցեղասպանությունը ժխտելու դեպքում քրեական պատիժ սահմանող օրենքի նախագիծը եւ դեմ արտահայտվել Եվրոպական Միությանը Թուրքիայի անդամակցությանը։