Վրաստանում բախումները երկու զոհի պատճառ են դարձել

Բախումներ Թբիլիսիում՝ ցուցարարների և ոստիկանության միջև

Վրաստանում հինգշաբթի օրը տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հատուկ ուժերի և երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի դեմ հանդես եկող ցուցարարների միջև։

Կառավարության համաձայն, բախումների վայրից հեռացող մեքենայով վրաերթի ենթարկվելու պատճառով զոհվել են ոստիկանության մեկ ծառայող և մեկ նախկին սպա։

Ոստիկանության հատուկ ուժերի հազարավոր ծառայողներ նախագահ Սահակաշվիլիի հրաժարականը և վաղաժամկետ ընտրություններ պահանջող ցուցարարների դեմ գործողությունները սկսել էին հինգշաբթի օրը կեսգիշերից հետո։

«Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ, ցուցարարներին ցրելու ընթացքում ոստիկանությունը ջրցան մեքենաներ և ռետինե գնդակներ է կիրառել։

Ոստիկանների գործողությունների արդյունքում ձերբակալվել է մի քանի տասնյակ մարդ։

«Ֆրանս պրես» գործակալության փոխանցմամբ, Վրաստանի ներքին գործերի խոսնակ Շոթա Ութիաշվիլին հայտնել է վնասվածքներ ստացած 37 անձանց մասին, որոնցից 28-ը ցուցարարներ են, 9-ը՝ ոստիկանության ծառայողներ։

Իրավապաշտպան կազմակերպությունները մեղադրել են ոստիկանությանը` չափազանց մեծ ուժ գործադրելու մեջ։

Նրա համաձայն, երկու անձանց մահը վրա է հասել ցույցերի անցկացման վայրից մի քանի մեքենայից կազմված շարասյան հեռանալու ժամանակ, որոնցից մեկը տեղափոխել է ընդդիմության առաջնորդ Նինո Բուրջանաձեին։

Նախագահ Սահակաշվիլիի նախկին դաշնակից Բուրջանաձեն հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով. «Մենք կանգ չենք առնելու. Անելու ենք ամեն ինչ, որպեսզի իր ժողովրդին ատող այս կառավարությունը պաշտոնաթող լինի»։

Սահակաշվիլիին ընդդիմախոսները մեղադրում են 2003 թվականին տեղի ունեցած «Վարդերի հեղափոխություն»-ից ի վեր իշխանությունը մենաշնորհելու մեջ։