Վրաստանում փախստականներն ընդհարվել են ոստիկանության հետ

Վրաստանի ոստիկանության և երկրի մայրաքաղաքում անօրինական բնակություն հաստատած փախստականների միջև տեղի են ունեցել ընդհարումներ, որոնք սկսվել են, երբ ոստիկանության աշխատողները 550 ընտանիքների վտարել են իրենց կացարաններից` երկրի մարզերում վերաբնակեցման նպատակով:

Իրավապաշտպանները դատապարտել են ոստիկանության այս գործողությունները` նշելով, որ փախստականների ընտանիքները տեղափոխվում են գյուղական վայրեր, որտեղ նրանք չեն ապահովվում աշխատանքով կամ հարմարություններով:

Իրավապաշտպանների կողմից ներկայացված բողոքների շնորհիվ անցյալ տարվա ամռանը հնարավոր է դարձել դադարեցնել փախստականների վերաբնակեցումը, որի ընթացքում Վրաստանի մայրաքաղաքից գյուղական վայրեր է տեղափոխվել մոտ 5 հազար մարդ:

Ոստիկանությունը նախատեսում է ևս 20 շենք ազատել այնտեղ բնակվող փախստականների ընտանիքներից:

Վրաստանի փախստականների գործերով նախարարության խոսնակը պաշտպանել է ոստիկանության գործողությունները` նշելով, որ տեղահանված անձինք կառավարությունից ստացել են համապատասխան փոխհատուցում` Վրաստանի այլ տարածաշրջաններում տների կամ տուն կառուցելու համար ֆինանսական միջոցների տեսքով:

Վրաստանում տասնյակ հազարավոր փախստականներ դեռևս ապրում են ժամանակավոր իրենց տրամադրված կացարաններում` մանկապարտեզներում կամ ուսանողական հանրակացարաններում: