Լիբիայի ղեկավարությունը կիրակի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի երկրի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի որդի Սեիֆ ալ-Իսլամը չի փոխանցվելու Հաագայի քրեական միջազգային դատարանին, որը վերջինս մեղադրել է մարդկության դեմ հանցագործություններ իրականացնելու մեջ:
Երկրի պաշտոնատար անձինք կիրակի օրը հայտնել են նաև Քադաֆիի կառավարության հետախուզության նախկին պետ Աբդուլլահ ալ-Սենուսիի ձերբակալության մասին, որին Միջազգային քրեական դատարանը նույնպես ներկայացրել է մարդկության դեմ հանցագործություններ կատարելու մեղադրանքներ:
Լիբիայի իշխանությունների համաձայն, ալ-Սենուսին ձերբակալվել է երկրի հարավում գտնվող անապատում՝ այն քաղաքի մոտակայքում, որտեղ մեկ օր առաջ Զինթան քաղաքի զինված ստորաբաժանումների ծառայողների կողմից ձերբակալվել է Քադաֆիի որդի Սեիֆ ալ-Իսլամը, որը հետագայում տեղափոխվել է Զինթան:
Լիբիայի անցումային կառավարության նախարար Աբդուռահիմ ալ-Քեիբը շաբաթ օրն այցելել է Զինթան և բարձր գնահատական տվել Սեիֆ ալ-Իսլամի ձերբակալության ուղղությամբ իրականացված գործողությանը՝ ասելով, որ այն նոր գլուխ է բացել երկրի պատմության մեջ:
Լիբիայի անցումային շրջանի իշխանությունները խոստացել են, որ ձերբակալվածներին արդար դատավարության հնարավորություն կտրվի:
Միջազգային քրեական դատարանի դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն հաջորդ շաբաթ կայցելի Լիբիա՝ ձերբակալվածների դատավարության անցկացման նախապատրաստական աշխատանքները քննարկելու համար:
ԱՄՆ-ի արտգործնախարարությունը շաբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Սեիֆ ալ-Իսլամի ձերբակալության միջոցով «կատարվել է ևս մեկ քայլ՝ Լիբիայի չորս տասնամյակ տևած դաժան պատմությունից հեռանալու ուղղությամբ, որը կնպաստի երկրի ժողովրդի կողմից խաղաղ և ժողովրդավարական ապագայի կառուցման»:
Վաշինգտոնը նաև հորդորել է Լիբիայի իշխանություններին արժանավայել և միջազգային չափանիշներին համապատասխանող վերաբերմունք ցուցաբերել ձերբակալվածների նկատմամբ:
Անցումային կառավարության մարտիկները Մուամար Քադաֆիին իր ծննդավայր Սիրթ քաղաքում հոկտեմբերի 20-ին հայտնաբերելուց հետո ծեծի են ենթարկել Լիբիայի նախկին ղեկավարին վերջինիս մահից առաջ, ինչի պատճառով միջազգային հանրությունը մտահոգություն է արտահայտել բանտարկության մեջ գտնվող Սեիֆ ալ-Իսլամի նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքով: