Լիբիայի անցումային կառավարությունը բանակցություններ է անցկացնում Քրեական միջազգային դատարանի հետ՝ որոշելու համար, թե որտեղ պետք է կայանա Լիբիայի նախկին ղեկավար Մոամմար Քադաֆիի ձերբակալված որդու դատավարությունը։
Դատախազ Մորենո Օկամպոն ասել է, թե այդ հարցում որոշում կայացնելու համար մեկ շաբաթից ինքը կայցելի Լիբիա։
Սեիֆ ալ-Իսլամին Լիբիայի ոստիկանական ուժերը կիրակի օրը հայտնաբերել ու ձերբակալել էին երկրի հարավային շրջանում գտնվող մի անապատում, այնուհետեւ` չարթերային օդանավով անմիջապես տեղափոխել արեւմտյան Զինտան քաղաք։
Լիբիայի որոշ պաշտոնյաներ ցանկանում են, որ նախկինում Քադաֆիի հավանական ժառանգորդ այս որդու դատավարությունը տեղի ունենա Լիբիայում։ Ոմանք գտնում են, որ հարկավոր է նրան տեղափոխել միջազգային ատյաններ։
Նիդերլանդներից գործող Քրեական հարցերով միջազգային դատարանը հունիս ամսին էր արձակել Սեյֆ ալ-Իսլամին, նրա հորը եւ վերջինիս անվտանգության հարցերով ղեկավարին ձերբակալելու հրահանգ, նրանց դեմ ներկայացնելով մարդկության դեմ իրականացրած հանցագործությունների մեղադրանքներ։
Լիբիայի անցումային կառավարության վարչապետ Աբդուրահիմ էլ-Քեյբը ժամանել է Զինտան եւ ողջունել Քադաֆիի որդու ձերբակալման փաստը` այն համարելով մի նոր էջ այս ապստամբության համար։
Սեիֆ ալ-Իսլամի ձերբակալման փաստը մայրաքաղաք Տրիպոլիում եւ այլ քաղաքներում դարձել է զվարճանքի պատճառ, որտեղ իրենց ուրախությունն արտահայտելու համար մարդիկ օդ են արձակել հրազենային կրակ: