Աշխարհի առաջատար տնտեսությամբ 20 պետությունների ֆինանսների նախարարները և կենտրոնական բանկերի կառավարիչները շաբաթ օրը համաձայնվել են անցումային տնտեսությամբ պետություններին Արժույթի միջազգային հիմնադրամում տրամադրել քվեարկության առավել մեծ իրավունքներ։
Այս մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հարավային Կորեայում կայացած «Մեծ քսանյակ»-ի պետությունների երկօրյա հանդիպման եզրափակիչ օրը։
Պայմանավորվածության համաձայն, փոխանցվելու է ԱՄՀ-ում քվեարկման իրավունքների մոտ հինգ տոկոսը, իսկ Չինաստանն ու Հնդկաստանը մտնելու են տասը բաժնետեր պետությունների կազմի մեջ։
Ինչ վերաբերում է ԱՄՀ-ի հանդիպման ընթացքում քննարկված այլ խնդիրներին, ապա մասնակիցները չեն կարողացել համաձայնության գալ արժույթների հավասարակշռությունը պահպանելու համընդհանուր եղանակ մշակելու խնդրի շուրջ։