Աֆղանստանի մայրաքաղաքում դադարել են բախումները

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում և երկրի երեք նահանգում երկուշաբթի առավոտյան դադարել են բախումները անվտանգության ուժերի և թալիբների գրոհայինների միջև:

Երկրի ներքին գործերի նախարար Բեսմիլլահ Մոհամմադիի համաձայն, Աֆղանստանի մայրաքաղաքում հարձակումները դադարեցվել են այն բանից հետո, երբ անվտանգության ուժերն ու ՆԱՏՕ-ի ուղղաթիռները գրոհել են գրոհայինների հանգրվան դարձրած Քաբուլի շենքերից մեկը:

Նախարարի համաձայն, մայրաքաղաքում և երկրի երեք այլ նահանգներում կիրակի օրը սկսված հարձակումների արդյունքում ոչնչացվել է 36 զինյալ, հարձակման պատճառով զոհվել է Աֆղանստանի անվտանգության ուժերի ութ մարտիկ և քաղաքացիական երեք անձ:

Զինյալների հարձակումների թիրախն էին դարձել երկրի խորհրդարանը, ՆԱՏՕ-ի շտաբը, ինչպես նաև ԱՄՆ-ի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանությունները: Հարձակումները սկսվել էին ինքնասպան ահաբեկիչների կողմից իրականացված պայթյուններից, որոնց հետևեցին հրազենային և հրթիռային կրակը:

Թալիբները գրոհ էին իրականացրել նաև երկրի երեք այլ քաղաքներում՝ «գարնանային հարձակում» անվանելով իրենց գործողությունները:

Արևմտյան պետությունների դեսպանությունները հայտնել են, որ իրենց անձնակազմի թվում զոհեր և վիրավորներ չեն եղել:

ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար, գեներալ Ջոն Ալենը բարձր է գնահատել Աֆղանստանի անվտանգության ուժերը թալիբների գրոհներին արագ և համակարգված արձագանքելու համար:

Դաշինքի խոսնակ Կարստեն Յակոբսոնի համաձայն, գրոհայինների կողմից բացված խառը կրակը «ոչ թե ռազմական, այլ ինքնագովազդի նպատակ էր հետապնդում»: