Ուկրաինայում պատերազմը մոտենում է երրորդ տարվան, ու թեև այսօր խաղաղությունը անիրատեսական է թվում, սակայն կրակի դադարեցման որոնումները շարունակվում են, ինչը բնական է՝ վաղ թե ուշ բոլոր պատերազմներն ավարտվում են։
Շվեյցարիայում նախապատրաստական աշխատանքներ են խաղաղության համաշխարհային գագաթնաժողովը հյուրընկալելու համար։ Հայտնի է դարձել, որ այդ աշխատանքներին մասնակցում են նաև Չինաստանի ներկայացուցիչները, ինչը փորձագետներին որոշակի լավատեսություն է ներշնչել։
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ քննարկել է գագաթնաժողովի հեռանկարները և «Ուկրաինայում արդար և կայուն խաղաղությունը վերականգնելու անհրաժեշտությունը»։ Կուլեբայի, խոսքով, կողմերը պայմանավորվել են բոլոր մակարդակներում շփումները պահպանելու և երկխոսությունը շարունակելու մասին։
Զուգահեռաբար՝ «The New York Times»-ի հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծիք է հայտնել, թե ռուս-ուկրաինական հակամարտությունում, ցավոք, զինադադարի հեռանկարներ չեն երևում, ինչի պատասխանատուն Կրեմլն է, որը շարունակում է ագրեսիվ պատերազմը ինքնիշխան երկրի դեմ։
Բլիքենն ընդգծել է՝ ուկրաինացի ժողովուրդը խաղաղություն է ցանկանում «ավելի շատ, քան որևէ մեկը, ինչպես նաև՝ ինքնիշխանություն և անկախություն»։
«Սակայն Ռուսաստանի կողմից պետք է պատրաստակամություն լինի փոխգործակցել, բարեխղճորեն բանակցել՝ հիմնվելով նրա իսկ ագրեսիայի հետևանքով կասկածի տակ դրված հիմնական սկզբունքների վրա՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն և անկախություն»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
Հիշեցնենք, Ուկրաինայի խաղաղության բանաձևը, ի թիվս այլ կետերի, նախատեսում է Ռուսաստանի օկուպացրած ուկրաինական բոլոր հողերի ազատագրում՝ որպես խաղաղության բանակցություններին նախորդող պարտադիր պայման։
Սակայն հայտնի է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համար այս կետն անընդունելի է։ Նրա նախորդ հայտարարության համաձայն, Կրեմլը ոչ մի դեպքում չի հրաժարվի Ուկրաինայում իր «նվաճումներից»։
«Երրորդ սեկտոր» վերլուծական կենտրոնի տնօրեն Անդրեյ Զոլոտարևը կարծում է, որ այսօր անհնար է պատերազմի ավարտի նույնիսկ մոտավոր ժամկետ նշել․ դեռ նախադրյալներ չկան։
«Սակայն կան մի խումբ փորձագետներ, ովքեր ասում են, թե պատերազմը կարող է հանկարծակի ավարտվել, այդ թվում՝ 2024 թվականին։ Այնինչ, Պուտինի հարցազրույցը Թաքեր Կարլսոնի հետ որևէ լավատեսություն չներշնչեց այս առումով։ Ռուսաստանի նախագահի հայտարարություններից պարզ է դառնում, որ Կրեմլը դեռ ակնկալում է ռազմական ուժի միջոցով ճնշում գործադրել Ուկրաինայի նկատմամբ, «ճեղքել» ռազմաճակատը և ստիպել Կիևին կապիտուլյացիայի ենթարկվել»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասել է Զոլոտարևը։
Ըստ վերլուծաբանի, բանակցություններում Մոսկվայի տեսլականն է հետամուտ լինել իր տարածքային նկրտումներին՝ հաշվի առնելով իրավիճակը ռազմաճակատում․ «Ռուսաստանի ղեկավարությունն այժմ փոխզիջման տրամադրված չէ։ Իրավիճակը կարող է փոխվել միայն այն դեպքում, եթե ռուսական հարձակումը, որն արդեն սկսվել է և կարող է շարունակվել գարնանը, ձախողվի։ Մտավախությունը, որ Ուկրաինան կարող է կտրել Ղրիմ տանող ցամաքային միջանցքը, ի չիք է դարձել։ Պատերազմի ավարտի ժամկետը կախված կլինի ռազմաճակատում վիճակից»։
Զոլոտարևի խոսքով, այսօր գլխավոր հարցն է՝ արդյո՞ք Ուկրաինան կկարողանա պահպանել իր զինված ուժերի մարտունակությունը. «Սա առանցքային կետ է։ Եթե տարածքներ ես կորցնում, բայց բանակդ պահում ես, ամեն ինչ կորած չէ։ Այս հանգամանքից մեծապես կախված կլինեն այն պայմանները, որոնց դեպքում հակամարտությունը կսառեցվի։ Չեմ հավատում լիարժեք կարգավորմանը, որովհետև խաղաղ կարգավորումը, ըստ Մոսկվայի, Ուկրաինայի հանձնվելն է»։
Անդրեյ Զոլոտարևի ներկայացմամբ, քիչ չեն այն փորձագտները, որոնց կարծիքով պատերազմի հիմնական պատճառը Վլադիմիր Պուտինն է․ «Ցավոք, Ռուսաստանում կայսերապաշտությամբ վարակված է ոչ միայն նա, այլև՝ ռուսաստանյան ողջ քաղաքական վերնախավը։ Հավանաբար, հնարավորության պատուհան կբացվի ասպարեզից Պուտինի հեռանալուց հետո, բայց հնարավոր «ժառանգները» կարող են ավելի արմատական լինել: Ներկայում [Պուտինը] ավելի խիստ քննադատության է ենթարկվում ոչ թե խաղաղության կողմնակիցների, այլ «հայրենասերների» կողմից, որոնք պահանջում են «ամբողջական պատերազմ» վարել Ուկրաինայի դեմ՝ [Ռուսաստանում] իրականացնելով զանգվածային զորահավաք, կիրառել բոլոր տեսակի զենքերը, այդ թվում՝ միջուկային»։
Զոլոտարևն եզրափակեց՝ ռուսաստանյան հասարակությունում առկա ագրեսիայի մակարդակը քիչ հավանական է դարձնում, որ անգամ Պուտինի հեռացումից հետո, արյունահղեությունն արագ կավարտվի։
Իր հերթին՝ Ալեքսանդր Ռազումկովի անվան Տնտեսական և քաղաքական հետազոտությունների ուկրաինական կենտրոնի քաղաքագետ Ալեքսեյ Մելնիկը կարծիք հայտնեց՝ խաղաղութանը միտված բանակցություններին հասնելու համար հարկավոր է, որ Կիևին ցուցաբերվող արևմտյան աջակցությունն ավելանա։
«Այն կարող է տևել մինչև երեք տարի։ Չպետք է թերագնահատել պատժամիջոցների կարևորությունը։ Այո, Ռուսաստանը փորձում է հարմարվել պատժամիջոցներին, բայց Արևմուտքը խստացնում է վերահսկողությունը»,- «Ամերիկայի ձայնին» ասաց Մելնիկը:
Վերուծաբանի ներկայացմամբ, արևմտյան գործիչների համար Ռուսաստանի պարտությանը հասնելուց բացի, այլ նպատակներ էլ կան, օրինակ՝ ցածր պահել նավթի գները․ «ԱՄՆ ներկայիս վարչակազմը վախենում է Ռուսաստանի փլուզումից։ Բայց, կրկնեմ՝ գլխավորը [Ուկրաինային ցուցաբերվող] ֆինանսավորումը պահպանելն է։ Առանց դրա անհնար է խոսել հաղթնակի մասին»։
Հայտնի է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային մատակարարում է «ATACMS» տեակի հրթիռային համալիրներ, սակայն դրանք հին մոդելներ են՝ սահմանափակ հեռահարությամբ։ Այժմ Վաշինգտոնը, ըստ պաշտոնյաների, դիտարկում է Կիևին ավելի հեռահար տեսակների մատակարարման հարցը:
Ալեքսեյ Մելնիկն առաջարկում է առայժմ սահմանափակվել իրավիճակի զարգացման հնարավոր սցենարների մասին դատողություններով․ «Կան բարձրորակ զեկույցներ, որոնք առաջարկություններ են տալիս յուրաքանչյուր սցենարի համար։ Սցենարներից մեկը ենթադրում է Պուտինի հեռանալը քաղաքական ասպարեզից։ Իմ կարծիքով, Ռուսաստանում լուրջ մարդիկ հասկանում են, որ պատերազմը փակուղի է մտել, և սա շատ վտանգավոր ճանապարհ է երկրի համար։ Հետևաբար, երկրի ղեկավարի փոփոխությունը կարող է հանգեցնել նրան, որ Կրեմլը կսկսի պատերազմը դադարեցնելու ուղիներ փնտրել։ Թե ինչ պայմաններով՝ վիճելի հարց է, բայց, որ նոր ղեկավարը կփորձի դուրս գալ փակուղուց՝ խուսափելով մեծ ռիսկերից, հնարավոր տարբերակ է»։
Պուտինի օրոք այդ անհնար է՝ եզրափակեց Ալեքսեյ Մելնիկը։