Եվրոպական Միության անդամ պետությունները համաձայնվել են բեռնարգելք դնել Իրանից նավթի ներմուծման վրա:
Այս մասին հայտարարությամբ Եվրոպական Միության պետությունները հանդես են եկել երկուշաբթի օրը Բրյուսելում՝ նշելով, որ ԵՄ-ի այս քայլն ուղղված է Իրանի միջուկային ծրագիրը դադարեցնելուն:
ԵՄ-ի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները Բրյուսելում դեռևս քննարկում են անցկացնում բեռնարգելքի մանրամասերի շուրջ: Որոշ հաղորդումների համաձայն, բեռնարգելքը կիրականացվի աստիճանաբար, մի քանի ամսվա ընթացքում:
Հիշեցնենք, որ նավթարդյունահանող երկրների կազմակերպությունում Իրանի ներկայացուցիչը վերջերս հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ Իրանից նավթի ներմուծման վրա արգելք դնելը Եվրոպական Միության համար հավասար կլինի «տնտեսական ինքնասպանության»:
Իրանի իշխանությունները վերջերս սպառնացել են փակել նավթի համաշխարհային առևտրի համար կենսական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը: Այս սպառնալիքներին ի պատասխան ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընն ասել է, որ նման սպառնալիքները «վտանգավոր սադրանք» են:
ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության աստիճանի բարձրացման վերջերս նպաստել է նաև ահաբեկչական հարձակման պատճառով միջուկային ոլորտում գործող Իրանի առաջատար գիտնականներից մեկի սպանությունը, որի համար Իրանի իշխանությունները մեղադրել են Միացյալ Նահանգներին և Իսրայելին և պահանջել, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտի այս սպանությունը:
Իսրայելն ու Միացյալ Նահանգները սակայն հերքել են գիտնականների սպանության հետ որևէ առնչություն ունենալը: