Եգիպտոսում իշխանության գլուխ կանգնած ռազմական խորհուրդը երկուշաբթի օրը հրահանգել է երկրի ժամանակավոր կառավարությանը անցկացնել Կահիրեում կիրակի օրը ղպտի քրիստոնյաների և Եգիպտոսի անվտանգության ուժերի կողմից տեղի ունեցած փողոցային մարտերի ընթացքում առնվազն 25 մարդու մահվան հանգամանքի հետաքննությունը:
Բախումները սկսվել են այն ժամանակ, երբ ղպտի քրիստոնյաները խաղաղ ցույցի էին դուրս եկել Կահիրեի կենտրոնում՝ արտահայտելով իրենց բողոքը անցյալ շաբաթ Եգիպտոսի հարավում գտնվող եկեղեցիներից մեկի այրման փաստով:
Ղպտի ցուցարարների համաձայն, իրենք պատրաստվում էին խաղաղ ցույց անցկացնել, սակայն Եգիպտոսի զինված ուժերի ծառայողները հարձակում են գործել իրենց ուղղությամբ: Լարվածությունն է՛լ ավելի է սաստկացել, երբ և՛ ցուցարարներին, և՛ զինծառայողներին միացել են կողմերին սատարող հազարավոր մահմեդականներ:
Երթին մասնակցած ղպտի ցուցարար Էմադ Հաթեֆը պարանոցին կապել է երկրի դրոշը: Հաթեֆը, մյուս ցուցարարների պես, բռնությունների մեջ մեղադրում է Եգիպտոսի իսլամիստներին:
«Ես պարզապես ցանկանում եմ «ո՛չ» ասել բոլոր իսլամիստներին: Մահմեդականի և իսլամիստի միջև տարբերություն կա, շատ մեծ տարբերություն: Եգիպտոսի մահմեդականները մեր եղբայրներն են, որոնց հետ կողք կողքի ապրում ենք արդեն 14 դար: Սակայն իսլամիստները Սաուդյան Արաբիայի փողերով են սնվում», - ասել է Հաթեֆը:
Հաթեֆի համաձայն, մեղավոր են նաև Եգիպտոսի զինված ուժերը:
«Ռազմական մեքենաների տակ տեսանք բազմաթիվ դիակներ. այս ամենը նկարահանված է: Չեք կարող պատկերացնել, թե ինչ էր տեղի ունեցել քրիստոնյաների հետ: Աշխարհի ցանկացած պետությունում զինված ուժերի նպատակն է պաշտպանել ժողովրդին, սակայն այստեղ՝ Եգիպտոսում, նրանց նպատակը քրիստոնյաներին սպանելն է», - նշել է Հաթեֆը:
Եգիպտոսի զինված ուժերի կողմից նշանակված նախարարների խորհուրդը երկուշաբթի օրն արտակարգ հանդիպում է անցկացրել: Երկրի վարչապետ Էսամ Սարաֆն իր ելույթում ասել է, թե բռնությունների պատճառով երկիրը հետընթաց է ապրել՝ մեղադրելով տեղի ունեցածի մեջ երկրի ներսի և օտարերկրյա դավադիրներին:
Երկրում այս տարվա սկզբին տեղի ունեցած հեղափոխությունից հետո իսլամիստական խմբերը, որոնց գործունեությունն արգելված էր Հոսնի Մուբարաքի նախագահության ժամանակ, սկսեցին իրենց քաղաքական համախմբումը, ինչն անհանգստություն է առաջացրել է ղպտի քրիստոնյաների և չափավոր հայացքներ ունեցող մահմեդականների շրջանում: Իսլամիստական գաղափարների շուրջ կազմակերպված խմբավորումներից շատերի համաձայն, նրանք ցանկանում են, որ Եգիպտոսը ղեկավարվի մահմեդական օրենքով, սակայն որևէ ցանկություն չունեն ճնշում գործադրել Եգիպտոսի քրիստոնյա փոքրամասնության նկատմամբ: