«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Եգիպտոսի ռազմական ղեկավարությանը ռազմական քննչական մարմիններից ղպտի քրիստոնյաների դեմ բռնությունների դեպքերի հետաքննությունը փոխանցել անկողմնակալ մարմնի ուսումնասիրության:
Իրավապաշտպան այս կազմակերպության պաշտոնատար անձանցից մեկի համաձայն, զինված ուժերը չեն կարող իրականացնել իրենց իսկ գործողությունների հավաստի հետաքննություն:
Կահիրեում հոկտեմբերի 9-ին, Եգիպտոսի անվտանգության ուժերի, մահմեդականների և բողոքի ցույց անցկացնող ղպտի քրիստոնյաների միջև տեղի ունեցած բախումների զոհ է գնացել 25 մարդ: Եգիպտոսի ռազմական ղեկավարության պաշտոնատար անձինք հերքում են ղպտիների ուղղությամբ կրակ բացելու և զրահապատ մեքենաներ ցուցարարների վրա ուղղելու մեղադրանքները` չնայած բռնությունների ընթացքում կատարված տեսաձայնագրություններում պատկերված է, թե ինչպես են զրահապատ մեքենաները մխրճվում քրիստոնյա անզեն ցուցարարների ամբոխի մեջ:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի օրը հորդորել է Եգիպտոսում իշխանության գլուխ կանգնած ռազմական ղեկավարությանը դադարեցնել երկրում գործող արտակարգ իրավիճակի ռեժիմը: Նախագահ Օբաման շեշտել է, որ սատարում է դեպի ժողովրդավարություն անցնելու Եգիպտոսում գործադրվող ջանքերը:
ԱՄՆ-ի Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, նախագահ Օբաման հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի մարշալ Հուսեյն Թանթավիի հետ` կոչ անելով վերջ տալ Եգիպտոսում քաղաքացիական անձանց գործերը ռազմական դատարաններում լսելու գործելակերպին: