Եգիպտոսում մեկնարկել է նորընտիր խորհրդարանի ստորին պալատի աշխատանքը

http://www.voanews.com/templates/widgetDisplay.html?id=137893483&player=article

Եգիպտոսի նորընտիր խորհրդարանի ստորին պալատն առաջին անգամ մեկնարկել է աշխատանքը՝ մեկ տարի առաջ երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը ներկայացնելուց հետո:

Խորհրդարանի, որի ստորին պալատում գերակշռող մեծամասնություն են կազմում մահմեդական ուժերը, բացման արարողության ընթացքում նախագահել է ամենատարեց օրենսդիր Մահմուդ էլ-Սաքքահը:

Եգիպտոսի խորհրդարանի ստորին պալատի առաջին նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են անցյալ մեկ տարվա ընթացքում հակակառավարական ցույցերի բոլոր զոհերի հիշատակը, ապա հերթով ընթերցել երկրի սահմանադրությունն ու օրենքը հարգելու երդումը:

«Մահմեդական եղբայրություն» խմբավորման «Ազատություն և արդարություն» կուսակցությունը երկրում անցկացված ընտրությունների մի քանի փուլի արդյունքներով խորհրդարանում զբաղեցրել է 498 տեղերի գրեթե կեսը: Սպասվում է, որ կուսակցության կողմից ներկայացված խոսնակի թեկնածուն՝ Սաադ Քաթանին, կընտրվի այս պաշտոնում:

Ընտրությունների արդյունքում երկրորդ տեղը գրավել է ծայրահեղ պահպանողական «Ալ-Նուռ» մահմեդական կուսակցությունը, որի ներկայացուցիչները զբաղեցրել են Եգիպտոսի խորհրդարանի ստորին պալատի տեղերի մոտ մեկ քառորդը:

Եգիպտոսի ազատական կուսակցությունը զբաղեցրել են երրորդ և չորրորդ տեղերը՝ նվաճելով մահմեդական կուսակցություններից շատ ավելի քիչ ձայներ:

Խորհրդարանի ստորին պալատի տասը անդամ նշանակվել է Եգիպտոսում Հոսնի Մուբարաքի հրաժարականի ժամանակից իշխանության գլուխ անցած ռազմական խորհրդի կողմից: