ԱՄՆ-ի իշխանությունները կոչ են արել Եգիպտոսում գտնվող և երկրից հեռանալ ցանկացող ԱՄՆ-ի բոլոր քաղաքացիներին պարետային ժամի ավարտից հետո հնարավորինս արագ ժամանել Կահիրեի օդանավակայան:
ԱՄՆ-ի արտգործնախարարությունն այս զգուշացումը հրապարակել է երկրում բռնությունների սաստկացումից հետո, ինչի դրդապատճառն եղել է Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի կողմից մինչև իր պաշտոնավարման ժամկետը իշխանության ղեկին մնալու մասին հայտարարությունը:
ԱՄՆ-ի արտգործնախարարությունը չորեքշաբթի օրը հայտնել է նաև, որ երկուշաբթի օրը սկսված գործողությունների ընթացքում Եգիպտոսից արդեն էվակուացվել է ԱՄՆ-ի մոտ 1900 քաղաքացի և նրանց ընտանիքների անդամ:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները նույնպես հայտնել են, որ չարտերային թռիչք է կազմակերպելու Եգիպտոսից հեռանալ ցանկացող քաղաքացիներին էվակուացնելու համար:
Չարտերային թռիչքների ծառայություններ մատուցող կազմակերպության ղեկավարությունը սակայն զգուշացրել է, որ Եգիպտոսից օտարերկրացիներին էվակուացնելու աշխատանքներին խոչընդոտել է Կահիրեի օդանավակայանում տիրող քաոսը, որն առաջացել է մարդկանց և ինքնաթիռների հոսքի կտրուկ աճի պատճառով: