Չինաստանի բնակչությունը 2000-ից 2010 թվականներն ընկած ժամանակահատվածում աճել է 5,9 տոկոսով, ինչը կազմում է նախորդ տասնամյակի բնակչության աճի մոտ կեսը, և այժմ կազմում է 1,34 միլիարդ մարդ:
Չինաստանի Մարդահամարի ազգային բյուրոն հինգշաբթի օրը հրապարակել է 2010 թվականին անցկացված մարդահամարի վերաբերյալ զեկույց, որի համաձայն երկրի բնակչությունը գնալով ծերանում է, ինչը կարող է զգալի խնդիրների առաջ կանգնեցնել աշխարհի երկրորդ ամենամեծ տնտեսությունն ունեցող երկիրը: Բացի դրանից, զեկույցում նշվել է, որ տասը տարվա ընթացքում երկրում աճել է քաղաքային բնակչությունը` 2000 թվականի 36 տոկոսից 2010 թվականին հասնելով 50 տոկոսի:
14 տարեկան և ավելի երիտասարդ մարդիկ կազմում են Չինաստանի բնակչության 16,6 տոկոսը, իսկ 60 և ավել տարեկան բնակչությունը` 13,3 տոկոս, ինչը երեք տոկոսային կետով բարձր է 2000 թվականի տվյալից: Այս միտումը նշանակում է, որ Չինաստանի տնտեսական աճը ապահովող երիտասարդների թիվը գնալով պակասում է, իսկ խնամք և օգնություն պահանջող տարեց մարդկանց թիվը` աճում:
Չինաստանում 1980 թվականից զգալիորեն նվազել է ծնելիության մակարդակը` յուրաքանչյուր ընտանիքում երեխաների թվի խիստ սահմանափակման հետևանքով: Չինաստանի իշխանությունների համաձայն, այս քաղաքականությունը թույլ տվեց կանխել բնակչության աճը մոտ 400 միլիոնով և աղքատությունից դուրս բերել բազմաթիվ ընտանիքներ: