ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշը մերժել է Նյու Յորքում Համաշխարհային առևտրի կենտրոնի փլուզման տեղանքում կայանալիք հիշատակի արարողությանը մասնակցելու նախագահ Բարաք Օբամայի հրավերը:
Բուշի խոսնակը հաղորդել է, թե նախկին նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերի համար, սակայն նախագահական իր ժամկետի ավարտից հետո չի ցանկանում գտնվել ուշադրության կենտրոնում։
ԱՄՆ-ի հատուկ ուժերի կողմից Պակիստանում «ալ-Քաիդա»-ի առաջնորդ Օսամա բին Լադենին ոչնչացնելուն ուղղված գործողության հաջող ավարտից հետո, Նախագահ Օբաման հինգշաբթի օրը հանդիպելու է Համաշխարհային առևտրի կենտրոնի վրա 2001 թվականի սեպտեմբերի 11-ին իրականացված հարձակման զոհերի ընտանիքների հետ։
Նյու Յորք և Վաշինգտոն քաղաքներում, ինչպես նաև Փենսիլվանիա նահանգում «Ալ-Քաիդա»-ի կողմից կատարված հարձակումների զոհ էր գնացել մոտ երեք հազար մարդ։