Բարոզուն հորդորել է եվրոպացիներին միասնականություն ցուցաբերել

Բարոզուն հորդորել է եվրոպացիներին միասնականություն ցուցաբերել

Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հորդորել է եվրոպացիներին միասնականություն ցուցաբերել՝ ԵՄ-ում ծավալվող ֆինանսական ճգնաժամի հետևանքների դեմ պայքարելու գործում:

Հանդես գալով Ստրասբուրգում Եվրոպական պառլամենտի նիստի ժամանակ, Բարոզուն կոչ է արել սահմանելու ֆինանսական գործարքների նկատմամբ կիրառվող նոր հարկ, որը, իր համաձայն, կարող է տարեկան մոտ 75 միլիարդ դոլարի եկամուտ ստանալու հնարավորություն ընձեռել:

Բացի այդ, իր ելույթում Բարոզուն առաջարկել է ստեղծել «Եվրապարտատոմսեր», որոնք թույլ կտան կիսել պարտքի բեռը եվրոյի գոտում ընդգրկված 17 պետությունների միջև: Այս պետությունների միջև տարաձայնություններ կան «Եվրապարտատոմսերի» կիրառման հարցում, սակայն Բարոզուն կողմ է ֆինանսական բեռի բաշխում նախատեսող նման գործիքի կիրառման:

Բառոզոն իր ելույթում ասել է, որ ֆինանսական ներկայիս ճգնաժամը «ամենախորն է Եվրոպական Միության պատմության մեջ»:

Վերջին երեք տարվա ընթացքում, Եվրոպական Միության կողմից իր կազմում մտնող պետությունների կառավարություններին տրամադրած ֆինանսական օգնության ծավալը կազմել է մոտ 6,3 տրիլիոն դոլար:

Հունաստանի խորհրդարանը երեքշաբթի օրը հավանության է արժանացրել այս երկրում գույքի վիճահարույց հարկի կիրառումը: Ընդունելով նման հարկի կիրառման մասին օրենքը՝ Հունաստանի կառավարությունը փորձել է ցույց տալ պետական պարտքը նվազեցնելուն ուղղված իր լուրջ մտադրությունը:

Երկիրը գործադրում է հոկտեմբեր ամսին ֆինանսական օգնության նոր մասնաբաժինը ստանալուն ուղղված ջանքեր, որոնք թույլ կտան խուսափել պետական պարտքի վճարումները չկատարելուց:

Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն, երեքշաբթի օրը հանդես գալով Գերմանիայի գործարար աշխարհի առաջնորդների համագումարի ժամանակ, ասել է, թե ինքը «երաշխավորում է», որ Հունաստանը կատարելու է ֆինանսական պարտավորություններն իր պարտատերերի առջև: Պապանդրեուն վստահություն է հայտնել, որ իր երկիրը կհաղթահարի ֆինանսական ներկայիս ճգնաժամը: