Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասսադը հերքել է պատասխանատվությունը երկրում հազարավոր ցուցարարների սպանության համար՝ ասելով, թե ինքը չի վերահսկում ցուցարարների դեմ բռնություններ իրականացնող ուժերը:
Ամերիկյան «Էյ-Բի-Սի Նյուզ» գործակալությանը տված հարցազրույցում նախագահ Ասսադն ասել է, որ չնայած ինքը երկրի նախագահն է, սակայն «երկիրն իր սեփականությունը չէ, հետևաբար դրանք իմ ուժերը չեն»:
Սիրիայի նախագահն ասել է նաև, որ «կա մեծ տարբերություն բռնություններ իրականացնելու քաղաքականության և պաշտոնատար որոշ անձանց կողմից կատարված սխալների միջև»:
Նախագահ Ասսադի հետ հարցազրույցը հրապարակելուց առաջ «Էյ-Բի-Սի Նյուզ»-ի լրագրողը հարցազրույցը ներկայացրել է ԱՄՆ-ի արտգործնախարարության ճեպազրույցի ընթացքում:
Արտգործնախարարության խոսնակ Մարկ Թոներն արձագանքել է՝ ասելով, թե «Ասսադի կողմից իրականացվող գործողությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ ցուցարարների դեմ ամենադաժան բռնությունների իրականացում»:
Մարկ Թոները «անհեթեթություն» է անվանել Սիրիայի նախագահի կողմից արված այն հայտարարությունը, որի համաձայն «ինքը իշխանություն չունի իր ղեկավարած երկրում»: