«Apple» ընկերությունը ներկայացրել է նոր «iPhone»-ը

«Apple» ընկերությունը ներկայացրել է նոր «iPhone»-ը

«Apple» ընկերությունը հանդես է եկել «iPhone» մեծ ժողովրդականություն վայելող իր արտադրատեսակը ներկայացնելու մասին հայտարարությամբ: Նոր սարքում ներկառուցված են ինովացիոն գործառույթներ, սակայն ընկերության վաճառքներին վտանգ կարող են ներկայացնել շուկայում մրցակիցների գնալով ավելացող թիվը:

«iPhone» նոր սարքը ներկայացվել է ընկերության ղեկավար Թիմ Քուքի կողմից: Նորագույն սարքն օգտագործում է առավել արագ պրոցեսոր և կատարելագործված ֆոտոխցիկ:

Ընկերության ներկայացուցիչ Ֆիլ Շիլերի համաձայն, նոր «iPhone»-ն ունի «Retina» տեսակի էկրան, դիմացի և հետևի երեսները ապակուց են, որը միացված է չժանգոտող պողպատից պատրաստված ժապավենով: «Նոր «iPhone»-ն ամենաբարակ սմարթֆոնն է», - ասում է Շիլերը:

Հեռախոսում ներկայացված է վիրտուալ անհատական օգնականի գործառույթը, որի միջոցով սարքին հնարավոր է «հարցնել», թե որտեղ է գտնվում մոտակա ռեստորանը, որից հետո «iPhone»-ն ինքը կկատարի համապատասխան որոնում համացանցում և կներկայացնի պատասխանը: Այս գործառույթի միջոցով հնարավոր կլինի նաև հանդիպումներ նշանակել և խոսքը դարձնել տպագիր տեքստ՝ խոսքի ճանաչման գործառույթի միջոցով: Այս գործառույթները սակայն որոշ ժամանակ հասանելի կլինեն միայն անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով:

Վերլուծաբանների համաձայն, «Apple» ընկերությունը կարող է իր իսկ հաջողության զոհը դառնալ: Հարավային Կալիֆորնիայի համալսարանի «Մարշալ» բիզնեսի դպրոցի հեռահաղորդակցման շուկայի փորձագետ Էլիզաբեթ Ֆայվի համաձայն, «2007 թվականից, երբ ներկայացվել է առաջին «iPhone»-ը, մրցակցային իրավիճակը զգալի փոփոխություններ է գրանցել. այն ժամանակ ընկերությունն առաջինն էր, իսկ այսօր մրցակիցները շատ են, առաջին հեռթին՝ «Google» ընկերության կողմից մշակված «Android» համակարգը»:

Արժեթղթերի շուկայում երեքշաբթի օրը գրանցվել է «Apple» ընկերության բաժնետոմսերի արժեքի որոշ նվազեցում, ինչը նշան է, որ Ուոլ-սթրիտն առավել մեծ նորամուծությունների էր սպասում, իսկ ընկերության արտադրատեսակների որոշ երկրպագուների դժգոհություն առաջացրել է այն հանգամանքը, որ նոր «iPhone»-ի տեսքը զգալիորեն չի տարբերվում նախորդ վարկածից:

«Apple»-ը սակայն լավատեսորեն է տրամադրված և հուսով է, որ սարքի ժողովրդականությունն է՛լ ավելի մեծ առաջընթաց կգրանցի ապագայում:

ԱՄՆ-ում նոր «iPhone»-ի վաճառքը մեկնարկելու է հոկտեմբերի 14-ից: