ՄԱԿ-ի հատուկ բանագնացը հորդորում է արագ լուծել Սիրիայի խնդիրը


՝՝Սիրիայի հակամարտությունը լուրջ հետեւանքներ կունենա տարածաշրջանի վրա, եթե այսօր այն ճիշտ լուծում չստանա՛՛։ Այս հայտարարույթամբ է հանդես եկել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Անանը, որն այս կազմակերպության Անվտանգության խորհրդի անդամ պետություններին կոչ է արել համաձայնության գալ ընդդիմության դեմ Սիրիայի կառավարության բռնությունները դադարեցնելու ուղիներ որոնելու հարցում։

Ժնեւում անցկացված մամլո ասուլիսի ժամանակ նա տեղեկացրել է, որ եկող շաբաթ մի պատվիրակություն է ուղարկելու Դամասկոս՝ այստեղ միջազգային դիտորդական առաքելություն հաստատելու ծրագրի շուրջ քննարկումներ անցկացնելու համար։

Արեւմտյան դիվանագետներն ասում են, թե հույս ունեն, որ Անանի միջնորդությունը կարագացնի այլախոհության դեմ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի մահացու ճնշամիջոցները դատապարտող ՄԱԿ-ի բանաձեւի ընդունումը։
Անանն Ասադին ընդգծել է ներկայացված առաջարկներն ընդունելու ու քաղաքական երկխոսություն սկսելու կարեւորությունը։
Ասադի դեմ սկսված ապստամբության առաջին տարին նշող արարողություններից հետո, տարբեր քաղաքներում ուրբաթ օրը վերսկսվեցին հակակառավարական բողոքի ցույցերը: