Առնվազն 9 մարդ է սպանվել Աֆղանստանում շաբաթ օրը շարունակվող անհանգստությունների ժամանակ, որոնք սկսվել էին ԱՄՆ-ի արմատական քրիստոնեական մի եկեղեցում մահմեդական ղուրանի հրկիզման պատճառով:
Քանդահար քաղաքում ավտոմեքենաներ ու շենքեր այրող ցուցարարներին ցրելու նպատակով անվտանգության ուժերը օդ են արձակել հրազենային նախազգուշական կրակ:
Նախորդ օրը Մազար-ի-Շարիֆ քաղաքում մի խումբ մարդիկ ներխուժել էին ՄԱԿ-ի գրասենյակ ու սպանել օտար 7 քաղաքացիների:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, զանգահարելով Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզային, իր զայրույթն է հայտնել նրան: Նա զանգահարել է նաև Նեպալի վարչապետին, Նորվեգիայի, Շվեդիայի ու Ռումինիայի արտգործնախարարներին` հայտնելով իր ցավակցությունը այդ երկրների քաղաքացիների սպանությունների համար:
ՆԱՏՕ-ի պաշտոնատար անձինք տեղեկացրել են, որ ապստամբների մի խումբ, հագած կանանց զգեստներ, հարձակում են գործել ընդդեմ Քաբուլում տեղակայված դաշնակից ուժերի մի հենակետի:
Զինյալներից երեքը, որոնցից երկուսը` մահապարտներ, հարձակման պահին ՆԱՏՕ-ի ուժերի կողմից սպանվել են:
ՆԱՏՕ-ի օդային ուժերը, ցամաքային զորքերի հետ միասին Քունարի գավառում ոչնչացրել են բազմաթիվ զինյալների:
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայն իր ցավն է արտահայտել 20 ապստամբների սպանության կապակցությամբ ու պահանջել ԱՄՆ-ին և ՄԱԿ-ին արդարադատության առջև կանգնեցնել ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Գայնզվիլ քաղաքի եկեղեցու հոգևոր հովվին, որի եկեղեցում է մարտի 20-ի տեղի ունեցել ղուրանի հրկիզման արարողությունը:
Աֆղանստանի բնակիչներն այս մասին իմացել են միայն 4 օր առաջ, երբ նախագահ Քարզայը հանդես եկավ հրկիզումը պախարակող հայտարարությամբ: