Աֆղանստանում զինյալները գրոհել են ԱՄՆ-ի դեսպանատունը, դաշնակիցների շտաբը և պետական հիմնարկությունները

Աֆղանստանում զինյալները գրոհել են ԱՄՆ-ի դեսպանատունը, դաշնակիցների շտաբը և պետական հիմնարկությունները

Աֆղանստանում թալիբները պատասխանատվություն են ստանձնել երկրի մայրաքաղաք Քաբուլում երեքշաբթի օրը շարունակվող մի շարք հարձակումների համար, որոնց թիրախն են դարձել միջազգային դաշնակիցների ուժերի շտաբը և Աֆղանստանի պետական հիմնարկությունները:

Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանատան, Անվտանգության աջակցության միջազգային ուժերի շտաբի մոտակայքում որոտացել են բազմաթիվ պայթյուններ և լսվել փոխհրաձգության ձայներ: «Ամերիկայի Ձայն»-ի աշխատակիցները հաստատել են նաև, որ մոտակայքում գտնվող ԱՄՆ-ի դեսպանության մոտ է տեղի ունեցել երկու պայթյուն:

Աֆղանստանի մայրաքաղաքում տեղի ունեցող բռնությունները կենտրոնացած են քաղաքի դիվանագիտական շրջանում:

Թալիբները հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի նրանք իրականացնում են «ինքնասպան ահաբեկիչների կողմից իրականացվող լայնածավալ հարձակումներ»՝ ուղղված Աֆղանստանի կառավարական հիմնարկությունների և երկրի հետախուզական ծառայությունների դեմ:

Զոհերի և վնասվածքներ ստացածների մասին հաղորդագրություններ դեռևս չկան:

Թալիբներն այս հարձակումներն իրականացնում են Աֆղանստանի կենտրոնական մասում ՆԱՏՕ-ի ռազմական հենակետի ուղղությամբ կատարված հարձակումից ընդամենը մի քանի օր անց, որի պատճառով զոհվել է Աֆղանստանի չորս քաղաքացիական անձ, վնասվածքներ ստացել ավելի քան 100 մարդ, որոնցից 77-ը եղել են Միացյալ Նահանգների զինծառայողներ: