Բազմաթիվ զոհեր Քաբուլում՝ ինքնասպան ահաբեկչի հարձակման պատճառով

Բազմաթիվ զոհեր Քաբուլում՝ ինքնասպան ահաբեկչի հարձակման պատճառով

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կենտրոնում շիական սրբավայրում հավաքված ուխտագնացների դեմ ուղղված ինքնասպան ահաբեկչի հարձակման պատճառով զոհվել է առնվազն 52 մարդ: Զոհվածների թվում կան կանայք և երեխաներ:

Հարձակման պատճառով վնասվածքներ է ստացել ավելի քան 100 մարդ: Ականատեսների համաձայն, պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացածների մեծ թվի պատճառով քաղաքի հիվանդանոցները գերծանրաբեռնված են:

Աֆղանստանի պաշտոնատար անձանց վկայությամբ, զոհերի և վնասվածքներ ստացած անձանց թիվը կարող է աճել:

Երկրի իշխանությունների փոխանցմամբ, ինքնասպան ահաբեկիչը գործարկել է ռումբը երեքշաբթի օրը Աբուլ Ֆազելի գերեզմանոցի մոտակայքում, որտեղ հավաքված ուխտագնացները տոնում էին շիական «Աշուրա» տոնը:

Երկրի նախագահ Համիդ Քարզայն անմիջապես դատապարտել է ահաբեկչական այս հարձակումը՝ ասելով, որ սա առաջին անգամ է, երբ ահաբեկչական հարձակում է իրականացվել «Աֆղանստանի համար այսքան կարևոր կրոնական տոնի օրը»:

Շիաներն «Աշուրա» տոնը տոնում են տասը օրվա ընթացքում, և այս տոնի գագաթնակետը նշվում է երեքշաբթի օրը: Տոնը նշանավորում է մարգարե Մոհամմադի թոռ՝ իմամ Հուսեյնի մահվան օրը:

Աֆղանստանում վերջին տարիների ընթացքում մեծամասնություն կազմող սունիների և փոքրամասնություն կազմող շիաների միջև փոխադարձ հարձակումները հազվադեպ են իրականացվել, սակայն երկու խմբերի ներկայացուցիչների միջև հարձակումները շատ ավելի հաճախ են հարևան Պակիստանում: