Պակիստանում ահաբեկչի կողմից մեքենայում տեղադրված ռումբը գործարկելու պատճառով զոհվել է տասը, վնասվածքներ ստացել՝ առնվազն 17 մարդ:
Երկրի իշխանությունների համաձայն, պայթյունն իրականացվել է չորեքշաբթի օրը երկրի հարավ-արևմուտքում գտնվող Քվեթա քաղաքում այն ժամանակ, երբ հարյուրավոր մարդիկ դուրս էին գալիս մզկիթից Էյդ ալ-Ֆիթր տոնին նվիրված աղոթքներից հետո:
Ոստիկանության հաղորդագրության համաձայն, ահաբեկչական հարձակման թիրախ է եղել շիաների մզկիթը, սակայն ահաբեկչին չի հաջողվել մոտ անցնել մզկիթին, քանի որ ճանապարհային երթևեկությունն արգելափակված էր:
Իշխանությունների համաձայն, զոհերի թվում կա երկու կին և մեկ երեխա: Պայթյունի հետևանքով վնասվել է մի քանի մեքենա և մոտակայքում գտնվող շինությունները:
Հարձակման համար որևէ խմբավորում դեռևս պատասխանատվություն չի ստանձնել:
Քեթա քաղաքը Բալուջիստան նահանգի մայրաքաղաքն է, որտեղ սկիզբ են առել թալիբների, ինչպես նաև արդեն մի քանի տասնամյակ կառավարության դեմ պայքարող ազգայնականների շարժումները: