Հինգ տարի առաջ, մարտի 19-ին, Միացյալ Նահանգների ղեկավարությամբ դաշնակից ուժերը ներխուժեցին Իրաք տապալելու համար մի վարչակարգ, որը նախագահ Բուշի բառերով, զարգացնում էր զանգվածային ոչնչացման զենքեր։ Նման զենքեր այդպես էլ չհայտնաբերվեցին։ Ամերիկայի Ձայնը հետադարձ ակնարկով անդրադառնում է Իրաքյան պատերազմի անցյալին եւ ներկային։ Իրաք կատարված ներխուժումից հինգ տարի անց Ամերիկյան զորքերը դեռեւս կռվում են ապստամբ ուժերի դեմ։ Միացյալ Նահանգների կողմից ղեկավարվող հարձակումը տապալեց Սադդամ Հյուսեյնի բռնատիրությունը, որից հետո, 2ՕՕ3 թվականի փետրվարին ԱՄՆ-ի արտգործնախարար Քոլին Փաուըլը զանգվածային ոչնչացման զենքերի հարցը ներկայացրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ասելով, թե Իրաքում հայտնաբերվել են վտանգավոր թունավոր նյութեր։ Նա ասաց նաեւ, որ կենսաբանական թունավոր նյութերը կարող են ոչնչացնել հազարավոր մարդկանց։ Սակայն, զանգվածային ոչնչացման զենքեր այդպես էլ չհայտնաբերվեցին։ Փոխարենը, հզորացան ծայրահեղական ապստամբ ուժերը եւ մեծ վնասներ պատճառեցին ռումբերի պայթեցումներով եւ այլ հարձակումներով։ ՛՛Բուշի վարչակազմը պատրաստ չէր այդ հարձակումների հետեւանքներին՛՛, ասել է զինվորական հարցերով մասնագետ Անթոնի Քորդեսմանը։ Նրա համաձայն, ամերիկյան զինյալ ուժերը Իրաք գնացին Սադդամի վարչակարգը տապալելու։ Սակայն, ՛՛մենք պատրաստ չէինք իրականությանը եւ չստեղծեցինք կայունության համար անհրաժեշտ պայմաններ՝՝, ասել է Քորդեսմանը։ Իրաքում ծայրահեղականների հարձակումների հետեւանքով զոհվեցին բազմաթիվ իրաքցիներ, ատելություն բորբոքելով շիաների եւ սուննիների միջեւ։ Երկիրը շուտով կանգնեց քաղաքացիական պատերազմի շեմին։ Բռնություններին վերջ դնելու նպատակով նախագահ Բուշը լրացուցիչ 3Օ.ՕՕՕ զինյալ ուժ ուղարկեց Իրաք 2ՕՕ7 թվականի սկզբներին։ Արդյունքում, հանդարտությունը վերականգնվեց Բաղդատում եւ այլ վայրերում։ Մեկ տարվա ընթացքում Իրաքում սպանությունների թիվը նվազեց 7Օ տոկոսով։ Այս հաջողությունը մասամբ վերագրվեց Ալ Քաիդայի դեմ ԱՄՆ-ի զինյալ ուժերի հետ կռվող սուննիների համագործակցությանը։ Գեներալ Դեյվիդ Պետրաուսը մշակեց նոր ռազմավարություն Իրաքում, միաժամանակ զգուշացնելով, որ ՛՛հաջողություն կամ հաղթանակ՝՝ բառերը օգտագործելու համար դեռ վաղ է՝՝։ Մարտի 19-ին նախագահ Բուշը իրաքյան պատերազմի հինգերորդ տարելիցի առթիվ Պենտագոնում ունեցած ելույթում հայտարարեց, որ զորքերի թվի նվազեցումը Իրաքում անհավանական է։ Նա ասաց նաեւ, թե չի հաստատի զորքերի հեռացման որեւէ նոր ծրագիր, որը կվտանգի վերջերս արձանագրված առաջադիմությունները։ Միաժամանակ, Վաշինգտոնում այսօր տեղի են ունեցան Իրաքում շարունակվող պատերազմի դեմ ուղղված բողոքի ցույցեր։ Հազարավոր ցուցարարներ հավաքվեցին Վաշինգտոնի տարբեր պետական հաստատությունների մոտ, որոնք, նրանց բնութագրմամբ, պատասխանատու են Իրաքում շարունակվող պատերազմի համար։
|